Ավելի քան 1մլն դոլար պարգևավճար ՊԵԿ-ում․ ինչո՞ւ հրապարակման ենթակա չեն ՊԵԿ նախագահի և նրա տեղակալների պարգևավճարները

168am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պարգևավճարների հարցը՝ առավելապես ռազմական դրության  պայմաններում։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, պետական գերատեսչություններին պաշտոնական հարցում ենք ուղարկել՝ փորձելով ճշտել՝ արդյոք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տրվե՞լ են պարգևավճարներ։

Առաջինը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացանք, որ վերջին պարգևատրումը խորհրդարանում տրվել է ռազմական դրության հաստատումից ընդամենը մի քանի օր առաջ․ պարգևատրման չափը կազմել է աշխատավարձի 75%-ը։ Պատերազմի սկսվելուց հետո խորհրդարանում պարգևավճար չի տրվել։

Հաջորդ գերատեսչությունը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) է։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնապես մեզ տրված պատասխանից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխա­տա­կիցները 2020 թվականի նշված ժամանակահատվածում (սեպտեմբեր և հոկտեմբեր ամիս­ներ) պարգևատրվել են մեկ անգամ` սեպտեմբեր ամսվա համար, որը կազմել է 496,198.0 հազար դրամ (ավելի քան 1 միլիոն դոլար):

Պարգևատրումն իրականացվել է աշխատակցի անմիջական ղեկավարի կողմից տրված գնահատականի հիման վրա:

ՊԵԿ-ից փորձել էինք ճշտել՝ հատկապես որքա՞ն պարգևավճար են ստացել ՊԵԿ նախագահը և նրա տեղակալները։

Հարցին ի պատասխան՝ նշել են․

«Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին տրված պարգևավճար­ներին, ապա հայտնում ենք, որ այդ տվյալները անձնավորված են և չեն կարող տրամադրվել: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք նույն օրեն­քի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր, հետևաբար՝ վերջիններիս կողմից հայ­տա­րարագրած եկամուտները տեսանելի և հասանելի կլինեն հանրությանը»։

Նկատենք, որ պետական մի շարք գերատեսչությունների պաշտոնական հարցումներ ուղարկելուց օրեր անց վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ պետական համակարգում պարգևավճարներ չնախատեսելու հանձնարարական  է տրվել։

Տեսանյութեր

Լրահոս