«Առաջնագծում գտնվող մեր տղաները պետք է վստահ լինեն, որ թիկունքը կազմ ու պատրաստ է, թիկունքն էլ պետք է վստահ լինի, որ սփյուռքն է պատրաստ». Իտալահայ

Իտալիայի Լոմբարդիա շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։

«Լոմբարդիան Իտալիայի առաջին շրջանն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- ասվում է Իտալիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նաև հրապարակել է լուսանկար, որում Լոմբարդիայի շրջանի 11 պաշտոնյաներ բռնում են «Այո Արցախի ճանաչմանը» իտալերեն գրությամբ պաստառը։

Լոմբարդիայի վարչական կենտրոնը Միլանն է, որը Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է։ Միլանում մոտ 1000 հայ է բնակվում։ Միլանը առանձին ընդունել էր Արցախի անկախությունը հոկտեմբերի 16-ին։

Իտալիայում բնակվող մեր հայրենակիցները սա շատ լավ լուր են համարում ու ասում են՝ պայքարելու են, որպեսզի հասնեն երկրի կողմից Արցախի անկախության  ճանաչմանը։

«Եվրոպայում կատարվող վերջին իրադարձությունները հիմք են հանդիսացել, որպեսզի մեր հայրենակիցներն ավելի զգույշ լինեն, քանի որ միշտ ահաբեկչության վտանգ կա ամենուր, ուստի բողոքի ակցիաները մի փոքր քիչ են արվում, բայց պետական մակարդակում, հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն Արցախի ճանաչման, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների՝ այդ տարածաշրջան բերելու, պատերազմ սկսելու հարցը բարձրացնում են թե՛ Իտալիայի խորհրդարանում, թե՝ Եվրախորհրդարանում։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ թուրքական լոբբին այստեղ ուժեղ է, գործող իշխանությունն ունի ջերմ կապեր թուրքերի հետ, ինչը բարդացնում է  մեր աշխատանքը, բայց արդեն 4 քաղաք ճանաչել է Արցախի անկախության բանաձևը, որոնցից մեկը Միլանն է։ Ես շուրջ երեք քաղաքների քաղաքապետերի հետ անընդհատ հանդիպում եմ, կարելի է ասել՝ բանակցում ենք, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Իտալիայում բնակվող հայազգի պրոդյուսեր Էդգար Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է տեղի լրատվամիջոցների կողմից իրականությունը ճիշտ մատուցելուն՝ մեր հայրենակիցը հայտնեց, որ լրատվամիջոցները հիմնականում միակողմանի են լուսաբանում, այս թեմայով շատ քիչ են խոսում ու մեծ մասամբ  այն ժամերին են անդրադառնում, երբ քիչ մարդ է հեռուստացույցի առջև։ Չնայած, ըստ նրա, չպետք է ժխտել, որ կան անկախ լրագրողներ, ավելին, մի քանիսն այս պահին Արցախում է։

«Բոլորս անքուն գիշերներ ենք անցկացնում՝ ամեն մեկը՝ իր տեղում և դիրքում։ Առաջնագծում գտնվող մեր տղաները պետք է վստահ լինեն, որ թիկունքը կազմ ու պատրաստ է, թիկունքն էլ պետք է վստահ լինի, որ սփյուռքն է պատրաստ ամեն վայրկյան աջակցել թե՛ նյութապես, թե՛ ֆիզիկապես։ Տեսնում ենք, թե այդպես էլ մարդկային որևէ հատկանիշ ձեռք չբերած թշնամին ինչպես է ավերում բնակավայրերը, մշակութային վայրերը ու այն ավերակները, որոնք մնալու են բարբարոսներից հետո՝ կվերակառուցենք, դրանք կլինեն ավելի գեղեցիկ և ամուր։ Պատերազմը թող ավարտվի, մեր հերոս տղաները հասնեն իրենց ծնողներին, սիրելիներին, դրանից հետո թող մեր ամենամեծ խնդիրը լինի ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելը։ Մի փոքր էլ դիմանանք՝ միանշանակ հաղթելու ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Հավայի, Միչիգան, Ջորջիա և Ռոդ Այլընդ նահանգները, Ավստրալիայի Հյուսիսային Ուելս շրջանը, Իսպանիայի Բասկերի երկիր ինքնավար համայնքը, Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։

Տեսանյութեր

Լրահոս