Մեզ ասացին գրավեք հայկական գյուղը, մորթեք քաղաքացիական անձանց ու զինվորականներին. սիրիացի վարձկանի հարցաքննությունը

Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի միջոցով Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին, որը գերեվարվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջան իր տեղափոխվելու և հայերին սպանելու վերաբերյալ թուրք զինծառայողներից հրահանգներ ստանալու վերաբերյալ: Հարցաքննության ընթացքում վարձկանը նշել է, որ իրեն հայերի դեմ կռվելու համար խոստացել են վճարել ամսական 2 հազար դոլար:

«Տասնհինգ օր առաջ՝ երեկոյան, մեր տուն եկավ մեր հարևան Սահան գյուղի բնակիչ Իբրահիմ անունով իմ ծանոթը, ում մենք դիմում ենք Աբու Ահմադ, ում ճանաչում էի վաղուց։ Աբու Ահմադն ինձ առաջարկեց գումարի դիմաց գնալ Ադրբեջան, ես նրան հարցրեցի, թե ինչ նպատակով, Աբու Ահմադն ասաց, որ զորավարժություններ են անցկացվում։ Զորավարժություններին մասնակցելու համար ինձ պետք է վճարեին ամսական 2000 ԱՄՆ դոլար։ Իմ ընտանիքի անդամները՝ կինս, հայրս, դեմ էին, որ ես գնայի, եղբայրներս տեղյակ չեն եղել այդ մասին։ Աբու Ահմադն ասաց, որ ուրիշ երիտասարդներ էլ կան, հարևան Սարարիֆ և Սահամն գյուղերից էին, որոնց մի մասն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում են Ադրբեջանում»,- նշել է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Սիրիացի վարձկանին հրահանգել են իր հետ ոչինչ չվերցնել, այդ թվում` նաև անձը հաստատող փաստաթուղթ:

«Նույն օրը կեսգիշերին մեր տան մոտ կայանվել է Աբու Ահմադի կողմից նշված մարդատար ավտոմեքենան, որը մեզ բոլորիս Ալ Զիեդիե գյուղից տեղափոխեց Բաբ Ալ Սալամ անցակետ, որը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում և Աբու Համշայի հսկողության տակ։ Բաբ Ալ Սալամ անցակետում հավաքված են եղել շուրջ 500 անձ, որոնք բոլորը սիրիացի արաբներ էին։ Առավոտյան ժամը 8-ին այնտեղ է եկել Աբու Համշայի եղբայրը, ում անունը Սեյֆ էր։ Երբ Սեյֆը եկավ, նախ հայտարարեց, որ իրենք մեզանից ոչ ոքի չեն ստիպում, մենք գնալու ենք ամսական 2000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, ով ցանկանում է, կարող է վերադառնալ, բայց, եթե որոշեք մեզ հետ միասին գնալ Ադրբեջան և այնտեղից ինչ-որ մեկը ցանկություն հայտնի վերադառնալ, ոտքից կկրակեմ և չեմ թողնի։ Նշված հայտարարությունից հետո Աբու Համշայի եղբայրը սկսեց ընտրել, թե ովքեր են գնալու Ադրբեջան»,- ասել է վարձկանը:

Ընտրությունը կատարվել է ըստ տարիքային չափորոշիչի, ընտրվել են 20-40 տարեկանները։

«Աբու Համշայի եղբայրը՝ Սեյֆն ընտրեց 20- 40 տարեկան 500 անձի։ Աբու Համշայի եղբայրը՝ Սեյֆը, մեզ ուղեկցեց և անցկացրեց անցակետով, ասաց, որ նստենք արդեն իսկ անցակետի մոտ կայանված 10 մեծ ավտոբուսները, Սեյֆը մեզ ասաց, որ մեզանից մեկ ամիս առաջ ևս 500 հոգուց բաղկացած խումբ մեկնել է Ադրբեջան։ Նշված անցակետով մենք հատել ենք Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը։ Թուրքիայի Հանրապետության սահմանը հատելիս այնտեղ անցակետը հսկում էին ազգությամբ թուրք զինվորական և քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր մեզ ոչինչ չեն հարցրել, անձնագրերը չեն ստուգել, միայն հաշվել են։ Ավտոբուսներով 2.5 կես ժամ ճանապարհ անցնելուց հետո մենք հասել ենք առաջին օդանավակայան, որը քաղաքացիական էր, մեզանից ոչ ոք անձնագիր կամ այլ փաստաթուղթ չի պահանջել, մեզ հարցեր չեն տվել, այնտեղ կային թուրք զինվորականներ, մենք՝ 500 անձով, արագ կերպով նստել ենք երկու քաղաքացիական ինքնաթիռներ, որոնք կրում էին Թուրքիայի դրոշը։ Ինքնաթիռները վայրէջք ենք կատարել քաղաքացիական օդանավակայանում, որտեղ մեզ կրկին ոչ ոք ոչինչ չի հարցրել, փաստաթուղթ չեն պահանջել, այնտեղ մեզ բոլորիս նստեցրել են մեծ քաղաքացիական օդանավ, որը Ադրբեջանի դրոշն էր կրում։ Նշված ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում»,- նշել է նա:

Ադրբեջանի օդանավակայանում վարձկաններին դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները, նստեցրել ավտոբուսները, որոնցում վարձկաններին ուղեկցել են թուրք և ադրբեջանցի զինվորականներ։ Նրանց տարել են կենտրոնական զորամաս, որտեղ նույնպես թուրք և ադրբեջանցի զինվորականներ են եղել:

«Մենք թուրք զինվորականներին զանազանում էինք իրենց համազգեստի վրայի դրոշներից։ Նշված զորամասում մենք մնացել ենք երեք օր։ Առաջին օրը մեզ վզնոցներ տվեցին, որի վրա թվեր էին գրված, ինչպես նաև այդ վզնոցները մեր հագին մեզ նկարեցին։ Երկրորդ օրը նշված զորամասում մեզ համազգեստ և զենք հատկացրեցին։ Հատկացվել են ռուսական արտադրության ավտոմատներ, «ПКС», « РПГ», դիպուկահար զենքեր, փամփուշտներ։ Բարձրաստիճան թուրք և ադրբեջանցի զինծառայողներն ունեին և կրում էին զրահաբաճկոն, սակայն մեզ չեն հատկացրել։ Երկրորդ օրը մեզ ասացին, որ պատրաստվենք, որ հաջորդ օրը շարժվելու ենք։ Նշեմ, որ Ադրբեջան ինքնաթիռով մենք հասել ենք 2020 թվականի հոկտեմբերի 18-ին»,- հարցաքննության ընթացքում հայտնել է վարձկանը:

Նշված վայրում ադրբեջանցի և թուրք զինվորականներն անցկացրել են մարտական պատրաստության պարապմունքներ։

«Զորամասում մեր ղեկավարը հանդիսանում էր Շեյխ Իբրահիմը։ Երրորդ օրը նշված վայրից Շեյխ Իբրահիմի հետ մենք միասին ենք դուրս եկել և գնացել ենք մեկ այլ զորամաս, որը գտնվում էր չորս ժամ հեռավորության վրա։ Երկրորդ զորամասում էին գտնվում Շեյխ Իբրահիմն ու Աբու Համշան, մոտ հինգ անձ զինված ատրճանակներով շրջում էին նրանց հետ, ինչպես նաև նշված զորամասում էին գտնվում ևս 500 հոգի սիրիացի արաբներ, ովքեր կրկին գումարի դիմաց էին եկել կռվելու։ Բացի այդ, նշված վայրում կային թուրք և ադրբեջանցի զինվորականներ, ովքեր շփվում էին Շեյխ Իբրահիմի և Աբու Համշայի հետ։ Աբու Համշան հանդիսանում է խմբավորման ղեկավարը, նա էր ղեկավարում Սիրիայից Ադրբեջան եկող վարձու զինվորականներին և պատասխանատու էր նրանց համար»,- նշել է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Վարձկաններին բաժանել են խմբերի, Աբու Համշան իրենց ասել է, որ ոչ մի անձի կյանք չխնայեն:

«Ասում էր, որ բոլոր հայերին պետք է մորթենք, սպանենք, այդ ընթացքում թուրք և ադրբեջանցի զինվորականներ էին գալիս և մեզ նույնպես նման հրամաններ էին տալիս, որ բոլոր հայերին պետք է սպանենք, մորթենք։ Աբու Համշան, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի զինվորականները, ովքեր գալիս էին մեզ մոտ, ասում էին, որ մեզանից յուրաքանչյուրը, ով հայի գլուխ կկտրի, յուրաքանչյուր կտրած գլխի համար կստանա 100 ԱՄՆ դոլար։ Նշեմ նաև, որ մենք զինված էինք նաև երկար դանակներով։ Մեզանից ովքեր, որ վախենում էին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները նրանց հատուկ դեղեր էին տալիս, որը խմելու դեպքում վախ չէին զգում։ Ես ինքս անձամբ տեսել եմ ինչպես էին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները նշված դեղահաբերը բաժանում սիրիացի մեր տղաներին, դրանք կլոր էին, հաբի տեսք ունեին, ես ինքս չեմ օգտագործել, բայց մեր խմբի տղաներից շատերն են խմել իմ ներկայությամբ»,- հայտնել է սիրիացի վարձկանը:

Յոթերորդ օրը՝ առավոտյան ժամը 4-ին, 150 անձով Աբու Համշայի և Շեյխ Իբրահիմի հրամանով դուրս են եկել, նստել պիկապ տեսակի ավտոմեքենաներ և շարժվել։ Պիկապներից իջնելուց հետո մոտ 7 կմ ոտքով քայլել են։ Իրենց հանձնարարվել է միմյանց միջև շուրջ 6 մետր հեռավորությամբ շարք կանգնել, արգելված է եղել խոսել, ձայն հանել, միայն ձեռքով պետք է միմյանց նշան տային իրար հետ խոսելու համար։

«Մեզ ուղեկցել են Շեյխ Իբրահիմն ու երկու ադրբեջանցի զինվորականներ։ Շեյխ Իբրահիմը մեզ ասել էր, որ մեր դիմացի հայկական գյուղը պետք է գրավենք, իսկ այնտեղի քաղաքացիական անձանց ու զինվորականներին պետք է մորթենք։ Երբ մոտեցանք հայկական գյուղին, մեզ վրա սկսեցին կրակել, բացի դրանից մեր ուղղությամբ ականներով կրակում էին, դրանք պայթում էին, այդ ընթացքում մեզանից 15 հոգի սպանվեց, գործողությունը ձախողվեց և մենք ստիպված փախանք լեռները։ Երբ փախուստի դիմեցինք, ես դեռ վիրավոր չէի, մի պահ ճանապարհով մոլորված գնացինք, մինչև գտանք մեզ ուղեկցած ադրբեջանցիներին, նրանք մեզ ուղեկցեցին, տարան ինչ-որ ճանապարհով, որի ընթացքում հայերը մեզ վրա սկսեցին կրակել։ Ես վիրավորվեցի, հինգ օր մնացի այդ վիճակում, ոչ ոք իմ մասին չհարցրեց, չհետաքրքրվեց։ Երեք օր մնալուց հետո շարժվել եմ հայկական դիրքերի ուղղությամբ, հայերն ինձ հեռվից նշան արեցին, որ ամեն ինչ նորմալ է, ես մոտեցա, ինձ տարան իրենց մոտ, բուժեցին, ջուր և ուտելիք տվեցին։ Ինձ ապահովություն տվեցին, վնաս չեն հասցրել, օգնեցին և միայն լավ էին վերաբերում, թող Աստված իրենց օրհնի»,- նշել է Ալ Հաջին:

Հարցաքննության վերջում վարձկանը շնորհակալություն է հայտնել հայերին` իրեն բուժելու համար ու իր հայրենակիցներին հորդորել չխաբվել և չգալ հայերի դեմ կռվելու:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայերին, նրանք ինձ օգնեցին, բուժեցին, վերակենդանացրեցին, մենք սխալվեցինք, որ այստեղ եկանք, իրենք՝ հայերը, մեր պատկերացրածից շատ լավն են, իրենք մեզ բուժեցին, շատ լավ վերաբերվեցին, Աստված օրհնի իրենց։ Ես՝ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիս, հայտնում եմ, որ որևէ անձ, ով պատրաստվում է Ադրբեջան գնալ, թող նման քայլի չդիմի, որովհետև հայերը շատ բարի մարդիկ են, նրանք ինձ մահից փրկեցին, ինձ օգնեցին։ Բոլորին խորհուրդ եմ տալիս, որ եթե Ձեզ խաբեն, գումարի դիմաց փորձեն շահագրգռել, այս երկրի դեմ, հայերի դեմ չգաք, նույնիսկ եթե դուք աղքատ եք ապրելու, ավելի լավ է աղքատ էլ մնաք, քան գնաք Ադրբեջան գումարի համար կռվելու։ Ադրբեջանցիները հայերին կոչում են անհավատներ, բայց իրենք են անհավատները, մենք ենք անհավատները, որ եկանք այս բարի մարդկանց դեմ, ես հինգ օր վիրավոր վիճակում մնացի, ինձ ոչ ոք օգնություն չցուցաբերեց, իսկ հայերն ինձ օգնեցին և իմ վերքերը բուժեցին»,- եզրափակել է վարձկանը:

Տեսանյութեր

Լրահոս