Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը ստեղծում է բնապահպանական աղետի վտանգ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անտառային տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ:
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:
Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են»,- նշում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։