«Ռուսաստանը մեր եղբայրական միակ երկիրն է, որը կարող է այս իրավիճակում շատ գործուն քայլեր իրականացնի և կանգնեցնի պատերազմը». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արատաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168.am հետ զրույցում ասաց, որ Արցախում ընդհանուր իրավիճակն արմատական փոփոխություններ չի կրել։

«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է  պատերազմական գործողությունները, անտեսում է իր իսկ կողմից մի քանի ժամ առաջ համաձայնեցրած պարտավորությունները և շարունակում է պատերազմել։ Լայնածավալ, մի շարք հատվածներում թշնամին փորձել է ներթափանցել ու ճեղքել մեր պաշտպանական դիրքերը՝ չի ստացվել։ Թշնամին ուժգին հրետակոծության է ենթարկել նաև Ստեփանակերտը, այն էլ՝ քաղաքացիական օբյեկտները, որևէ ռազմական օբյեկտ այնտեղ չկար, այսինքն՝ քաղաքային շուկան, հարակից տները։ Նույնիսկ օգտագործել են ֆոսֆորային զենք, որը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական զենք է։ Այս մարդիկ իրենց մարդկային կերպարն են կորցրել, նրանք փորձում են իրականացնել ցեղասպանություն, սա երբեք չեն թաքցրել, և սրա մասին մենք միշտ ասել ենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում չափազանց կարևոր էր ՀՀ վարչապետի կողմից ՌԴ նախագահին ուղղված նամակը։

«Մենք մշտապես ասել ենք, եթե այժմ Ռուսաստանն այստեղ միջամտություն չանի, ապա հաջորդ ճակատամարտը ռուսները տալու են Կուլիկովյան դաշտում։ Իսկապես Ռուսաստանը մեր եղբայրական միակ երկիրն է, որը կարող է այս իրավիճակում շատ գործուն քայլեր իրականացնի և կանգնեցնի պատերազմը։ Այս պատերազմն արդեն վերածվում է տարածաշրջանային և գլոբալ պատերազմի, դրա համար դիմում ենք մեր եղբայրներին, որպեսզի միջամտեն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ դիվանագիտական դաշտում հանդիպումները, անկախ ամեն ինչից, պետք է շարունակվեն։

«Մենք պետք է հասկանանք, որ ոչ միշտ, բայց այս պահին շատ բան որոշվում է ռազմի դաշտում, այսինքն՝ պետք է կանգնենք մինչև վերջ և հասնենք մեր նպատակներին, և դա իր անմիջական ազդեցությունը կունենա նաև դիվանագիտական դաշտում։ Արդեն խաղաղությունից հետո, մենք կտրականապես պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու փիլիսոփայությունը։ Հասկանանք, որ դիվանագիտությունը և աշխարհաքաղաքականությունն այն կարևոր գործիքներն են, որոնք թույլ կտան պահպանել խաղաղությունը։ Դրա համար պետք է մեր եղբայրական երկրների հետ ճիշտ քաղաքականություն վարենք, սա՝ հետո, իսկ այս պահին ամենակարևորը՝ մենք պետք է կարողանանք պահել ու պաշտպանել Արցախը»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շեֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:

Անդրադառնալով ՀՀ առաջին և երկրորդ նախագահների պատրաստակամությանը՝ Մոսկվա մեկնելու և տեղի էլիտայի հետ Արցախի հիմնախնդիրը քննարկելու համար, Դավիթ Բաբյանն ասաց, որ այս ամենը շատ կարևոր քայլ է, հատկապես  հաշվի առնելով երկու նախկին նախագահների, մասնավորապես՝ Երկրորդ նախագահի կապերը Ռուսաստանում։

«Ապաքինում ենք մաղթում պարոն Քոչարյանին։ Կարծում եմ, եթե անձամբ չի կարողացել մեկնել Մոսկվա, կան այլ լծակներ ու մեթոդներ, որպեսզի այն, ինչ պետք է ասվի ու հաղորդվի, տեղ հասնի նրանց, ում որ պետք է»,- նշեց Դ. Բաբայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

Այս  հայտարարությունից հետո, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես հայտարարություն տարածեց և տեղեկացրեց, որ Երկրորդ նախագահը Մոսկվա մեկնելուց առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը դրական է եղել, այդ պատճառով էլ Մոսկվա այս պահին չի կարող մեկնել։

Տեսանյութեր

Լրահոս