Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա
Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ հոկտեմբերի 29-ին ներխուժել է Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: Այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները:
Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, թեպետ խուլիգաններին հաջողվել է փախչել մինչև իրավապահների ժամանումը: Ամեն դեպքում, առկա է երիտասարդների գործողությունների տեսագրություն: Իրավապահները կարծում են, որ հարձակման կազմակերպիչները մի խումբ թուրք իսլամիստ ֆանատներ են, որոնք վերջին ամիսներին ոստիկանության ուշադրությունն են գրավել: Իրավապահներն արդեն նույնականացրել են 10 անձի: Ավելի վաղ նրանք արդեն աչքի էին ընկել հասարակական կարգի խախտմամբ:
Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների կողմից հարձակումների և Թուրքիայի նախագահի՝ Եվրոպայում իսլամի նկատմամբ վախի մասին հայտարարության ֆոնին: Ֆրանսիայում քաղաքացիների վրա մի քանի հարձակումներ են գրանցվել Նիցցայում, Լիոնում, Ավինյոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին: