Բաժիններ՝

«Մամ ջան, շատ եմ հավանում Ջաբրայիլը, ոնց որ դրախտ լինի, կարող է մնամ այստեղ, ընտանիք կազմեմ». զոհված Խաչատուրի երազանքն էր

«Խաչատուրս շատ լուրջ, համեստ, խելացի, ընկերասեր, ծնողներին լսող, ամեն ինչի ձգտող և հասնող երեխա էր, ինչ նպատակ դնում էր՝ անպայման հասնում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Խաչատուր Գագիկի Ազիզյանի մայրը՝ տիկին Մարիետան:

Խաչատուրն ապրում էր ծնողների և քրոջ հետ, ինքը տան փոքրն էր: Մայրը պատմեց, որ դեռ փոքր տարիքից  տղան աշխատել և օգնել է իրենց.

«13 տարեկանից աշխատում էր, դպրոցից գալիս, գնում աշխատում էր, մի երկու կոպեկ վաստակում էր, բերում էր, մեր թիկունքին էր կանգնում: Տարբեր տեղերում է աշխատել ու մեզ օգնել է, ոչ թե մենք շատ ծայրահեղ վիճակում ենք եղել, դրա համար է գնացել աշխատել, այլ ուղղակի երեխեն ուզել է աշխատի, ծնողներին կողքից օգնի: Աշխատում՝ կամ փողն էր բերում, կամ սնունդ էր բերում, իրեն լավ էր զգում, որ կարողանում է այդ տարիքում մեզ օգնել: Շատ լավ շրջապատ ուներ, լավ ընկերներ, սիրում էր, որ ընկերն իրեն լավ զգար, կարող է ինքն ինչ-որ պահի նեղվեր, բայց ասում էր՝ թող իմ ընկերը լավ զգա իրեն»:

Խաչատուրը զինվորական ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարին, տիկին Մարիետան ասաց, որ մի քանի ամսից պետք է վերադառնար, շատ նպատակներ ուներ, պետք է հերթով իրագործեր.

«Խաչատուրս հունվարի 11-ին պետք է տանը լիներ: Մեծ երազանքներ ուներ, ասում էր՝ մամ ջան, բանակից վերադառնամ, լավ աշխատանքի անցնեմ, տները ռեմոնտ անեմ, աշխատեմ՝ 2 կոպեկ փող վաստակեմ, ամուսնանամ, քեզ երջանկացնեմ… Ինքը Ջաբրայիլում էր ծառայում, կարանտինի սերժանտ էր, զինվորներ ուներ, ասում էր՝ մամ ջան, շատ եմ հավանում Ջաբրայիլը, ոնց որ դրախտ լինի, կարող է մնամ այստեղ, տուն սարքենք, ընտանիք կազմեմ, շատ տպավորված էր Արցախով՝ Ջաբրայիլով… Աշխատող, չարչարվող, տանջվող երեխա էր, իմ համար շատ դժվար է խոսելը, քանի որ երեխուս երազանքները կիսատ մնացին»:

Խաչատուրը վերջին անգամ մոր հետ էր խոսել, մի քանի օր հետո իմացել են, որ նա զոհվել է.

«Հոկտեմբերի 2-ին է վերջին անգամ զանգել, ասաց՝ մամ ջան, ես իմ զինվորների հետ բլինդաժում եմ, ապահով եմ, լավ եմ, ոչ մի բանի մասին չմտածես: Ասաց՝ մամ ջան, դու քեզ պինդ պահիր, պապային ասա, թող ոչ մի բանի մասին չմտածի, շատ լավ եմ, սիրուն նկարվում ենք, որ բերեմ՝ կալենդար սարքենք, փակցնենք պատին, որ տեսնեք՝ ինչ զինվոր եմ եղել։ Շատ կարճ, հակիրճ խոսեց հետս, ուրիշ բաներ չի ասել, միգուցե ինքը գիտեր՝ ինչ վիճակ է, բայց ինձ հանգստացնելու համար ասեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց իր ձայնի մեջ տխրություն կար: Ասաց՝ մամ ջան, հասանելի եմ, ես կզանգեմ, քո հետ նորից կխոսեմ, բայց էլ չզանգեց… Ամսի 5-ին մեզ զանգեցին, ասացին՝ Խաչատուրը վիրավոր է, եղբայրս  գնացել էր հիվանդանոց, բայց վիրավորների մեջ չէր եղել: Հոկտեմբերի 7-ին ասել էին՝ Ջաբրայիլից զոհվածներ են բերել, եղբայրս գնաց, տեսավ, որ զոհվածների մեջ նաև իմ տղան է…»:

Խաչատուր Գագիկի Ազիզյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Գավառում.

«Խաչատուրիս տնից հրաժեշտ տվեցինք, մեր տանից,  որտեղ ինքը ծնվել, ապրել, մեծացել էր…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս