«Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Միաժամանակ, մի քանի բնակավայրերի, խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունները համեմատաբար թեթև լարվածության են եղել:
«Հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումն ունի հետևյալ պատկերը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր հակառակորդը փորձել է նաև Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացրել և հարավային ուղղությամբ մոտենալ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Եվ նրանք կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր հաջողության չեն հասել»,-նշեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, դաշտավայրերում հաջողություն ունենալուց հետո, Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպություններ և հրոսակախմբեր, փորձում են զարգացում ապահովել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, որտեղ դա նրանց հեշտ չի հաջողվում:
«Եվ ընթանում է մարտավարական առումով ավելի բարդ և դժվար պայքար»,-լրացրեց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանն այս համատեքստում շարունակեց, որ մի քանի օր շարունակ Ավետարանոց գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և հայկական ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ:
«Եվ այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ և սաստկությամբ չի կիրառվում»,-շեշտեց նա` հավելելով, որ պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է, և մեր զինված ուժերն այսօր այն ուժգնությամբ և արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են դիմել` թողնելով որոշակի տեխնիկա: