
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում

Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։
«Իրավիճակը այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- նշեց Թադևոսյանը:
Ինչ վերաբերվում է Մարտակերտի և Մարտունու հատվածներին, Թադևոսյանը հայտնեց, որ այնտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
« Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք»,- ասաց Թադևոսյանը:
Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել: