Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա․ Սիմոնյանը։

«ՀԱՊԿ-ում և նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե՝ այսինքն՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ մյուս անդամները, որոնք Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, կարող են չաջակցել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում։ Իհարկե, եթե մի քանի պետություն է ներկայացված, բոլոր պետություններն էլ իրենց շահերն ունեն։ Իհարկե, ո՞վ է ասում, որ միանշանակ ընդուվելու է։ Կա՞ մեկը, որ կարող է նման բան ասի»։

Տեսանյութեր

Լրահոս