Թուրքիայի տնտեսությունը սլանում է դեպի անդունդի հատակը

Վերջին շրջանում թուրքական լիրայի արժեզրկման անընդհատ գերազանցվող ռեկորդները խոսում են երկրի տնտեսությունում խորը և համակարգային ճգնաժամի մասին, որը ժամ առ ժամ բարդացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի էքսպանսիոնիստական «ախորժակը» և դրան հագուրդ տվող ֆինանսական քաղաքականությունը։

Այդ խնդիրները նոր չեն առաջացել Թուրքիայում։ Ըստ expert.ru-ի, Թուրքիան ամբողջ թափով սլանում է դեպի ֆինանսական աղետ։ Միայն այս տարվա հունվար-սեպտեմբերի լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկել է 30 տոկոսով, և դա ներմուծող Թուրքիայի համար նման է խեղդօղակի, քանի որ այդ երկիրը չունի արժույթի անհրաժեշտ ծավալ։ Եթե տարվա սկզբին Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստները կազմել են շուրջ 75 մլրդ դոլար, ապա սեպտեմբերի վերջին՝ 45 մլրդ դոլար։ Ընդ որում, ըստ փորձագետների, դրանք հիմնականում առևտրային բանկերի ռեզերվներն են, իսկ ԿԲ-ն մոտ գրեթե ոչինչ չունի։

Թեև Անկարան ունի ոսկու բավական խոշոր պաշարներ, երկրի տնտեսական վիճակի էլ ավելի վատթարացման մեծ հավանականության մասին է խոսում այն հանգամանքը, որ Թուրքիայի վարկային վարկանիշը նույնպես գահավիժում է և, ըստ Moody’s-ի, հավասարվել է աֆրիկյան ոչ այնքան բարվոք տնտեսական վիճակում գտնվող երկրների վարկանիշին։ Եվ եթե Թուրքիայում վճարային հաշվեկշռի ճգնաժամը շարունակվի զարգանալ նույն արագությամբ և երկար ժամանակով, դա կնշանակի սնանկություն։

Թուրքական լիրայի արժեզրկման (2 տոկոս՝ մինչև 7,77 լիրա ) վերջին ռեկորդը գրանցվեց հոկտեմբերի 22-ին, երբ երկրի կենտրոնական բանկը պահպանեց իր հիմնական՝ շաբաթական ռեպո-գործարքների տոկոսադրույքը 10,25 տոկոսի մակարդակում։ Ընդ որում, այդ տոկոսադրույքը դեռ սեպտեմբերի 24-ին բարձրացվել էր 2 տոկոսով՝ հենց տեղական արժույթի արժեզրկումը կանխելու նպատակով… Ըստ Bloomberg-ի՝ այդ գործակալության կողմից հարցված 27 սուբյեկտներից միայն երկուսն է կանխատեսել ԿԲ-ի նման վարքագիծ։

Այդ ֆոնին Թուրքիայում շարունակել են գահավիժել նաև այլ մակրոտնտեսական ցուցանշները։ Այսպես, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը նշում է, որ Թուրքիայում գնաճն արագացել է մինչև 11,7 տոկոս, որը շատ ավելի բարձր է կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքից (8,25 տոկոս)։ Լիրայի արժեզրկման հետևանքով ազգային հարստությունը կրճատվել է 16 տոկոսով։ Դրան զուգահեռ աճում են պարենամթերքի գները, գործազրկությունը (16 տոկոս), իսկ ուղղակի օտարերկրյա ներդրումները վերջին երեք տարիներին նվազել են 40 տոկոսով։

Այդ ամենի հետ մեկտեղ՝ Թուրքիան, ներքին բազմաթիվ խնդիրները լուծելուն միջոցներ ուղղելու փոխարեն, կատարում է ավելի շատ ռազմական ծախսեր, որոնք արդեն 2020-ին պետք է կազմեն բյուջեի 13 տոկոսը, իսկ մասնավոր ընկերությունների՝ այդ ոլորտի ծախսերի հետ միասին, 25 տոկոսը։ Եվ այդ ծախսերով սպասարկվում են Թուրքիայի նեոօսման նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծավալապաշտական նկրտումները։ Սկզբում Սիրիայում և Իրաքում, այժմ արդեն Լիբիայում և Արցախում Թուրքիայի ռազմական ներկայությունն ապահովելու համար Էրդողանը ոչինչ չի խնայում։ Փորձագետները հնարավոր են համարում արդեն Հունաստանի դեմ Թուրքիայի ոտնձգությունը։ Եվ եթե հաշվի առնենք, որ Էրդողանի այդ աներես քաղաքականության պատճառով մեծանում է այն երկրների թիվը, որոնք արգելք են դնում թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ, Թուրքիան գնալով ավելի շատ է զրկվելու նաև արտահանումից ստացվող արժութային միջոցներից, ինչը, բնականաբար, էլ ավելի կարագացնի դեպի տնտեսական անդունդի հատակը Թուրքիայի գահավիժումը։

Տեսանյութեր

Լրահոս