
Միջազգային հանրության խորհուրդներն անտեսող Էրդողանն ինքն է որոշել Մակրոնին խորհուրդ տալ

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարների և միջազգային հանրության խորհուրդներն անտեսող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս անգամ էլ որոշել է ինքը խորհուրդ տալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանը Մակրոնին հորդորել է «հոգեկանը բուժել»:
Նա Ֆրանսիայի նախագահին նման կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:
«Ի՞նչն այնպես չէ Մակրոնի մոտ իսլամի և մահմեդականների հետ կապված: Այն, որ պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում միլիոնավոր մահմեդականներին, դա առաջին հերթին բանականության վրա վերահսկողության կորուստ է: Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»,- ասել է Էրդողանը:
Էրդողանի կողմից նման արտահայտությունն առաջինը չէ: Նա Ֆրանսիայի նախագահին մեղադրել էր նաև հակաիսլամական համակարգ ստեղծելու մեջ: