Վտանգի պատճառով 90 000 մարդիկ լքել են իրենց բնակավայրերը, տները․ մի մասն Արցախում է, մյուս մասը՝ Հայաստանում․ Արտակ Բեգլարյան

Օրերս՝ հոկտեմբերի 22-ին, «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանի ընթացքում, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրների կրթության նախարարներ և փոխնախարարներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից»:

Նույն տեղահանվածների 90 000 թիվը հնչեցրեց նաև ՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանն  ԱՄՆ-ում, Ատլանտյան խորհրդում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում։

Արցախի Հանրապետության բնակչության պաշտոնական թիվը, 2015թ. մարդահամար տվյալներով, շուրջ 150 000 է, և ներկայացված թվերից ստացվում է, որ կեսից ավելին լքել է երկրի տարածքը:

ԿԳՄՍ նախարարությանը 168.am-ը խնդրեց նշել, թե որտեղից է վերցված այդ թիվը: Մեզ պատասխանեցին, որ իրենք են հրապարակել այդ թիվը, չեն կարող վերլուծություն տալ, բայց թիվը պաշտոնական է և հրապարակման ենթակա:

Նշեցին նաև, որ  դեռևս հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ կայքում հրապարակվել է տեղեկատվություն, որ արցախաադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց, և այդ թվի մեջ չեն մտնում մանկապարտեզ հաճախող երեխաները, սակայն դա չի նշանակում, որ այդ 24 000 երեխաները Հայաստանում են, քանի որ Արցախում ապաստարաններում բնակվող երեխաներն էլ են զրկված իրենց կրթության իրավունքն իրացնելու իրավունքից:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջն էլ հոկտեմբերի 18-ին 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, հրապարակել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։ 24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն»:

Ըստ էության, քանի որ 90 000 թիվն ակնհայտորեն ԿԳՄՍ վերլուծության արդյունքը չէր, դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն՝ հասկանալու համար, թե որ երկրի որ գերատեսչության տրամադրած տվյալները հիմք ընդունելով են ԿԳՄՍՆ-ից ու ԱԳՆ-ից հրապարակել Արցախը լքած 90 000 մարդու մասին այդ տեղեկատվությունը:

ԱԳՆ-ից էլ հորդորեցին հրապարակված թվի մասին տեղեկատվությունը ստանալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանից:

Վերջինս 168.am-ին ասաց, որ խոսքն իր զեկույցում հրապարակված թվի մասին է:

«Որպեսզի թյուրըմբռնում չլինի, պետք է նշեմ, որ, այո, խոսքն իրականում 90 000 մարդու մասին է, բայց  սա չի նշանակում, որ 90 000-ը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Մենք չպետք է ասենք, որ 90 000-ը տեղափոխվել է Հայաստան: Ես այս մասին ՀՀ ԱԳ նախարարին էլ եմ ասել: Զեկույցում հստակ նշված է, որ 90 000-ը թողել են իրենց տները: Մի մասն Արցախի Հանրապետությունում է տարբեր, ավելի անվտանգ բնակավայրեր տեղափոխվել, մյուս մասն էլ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Ճշգրտող դիտարկմանը՝ այսինքն՝ Արցախը չի հայաթափվել, որովհետև հատկապես ԱԳ նախարարի խոսքը տեղահանության մասին կարող է այդ թյուր տպավորությունը թողնել, Արցախի ՄԻՊ-ն ասաց՝ իհարկե, ոչ:

«Ընդ որում, զեկույցում գրված չէ, թե քանիսն են տեղափոխվել Հայաստան: Ուղղակի ասվում է, որ 90 000-ը լքել են իրենց բնակավայրերը, տները: Եվ սա Արցախի ողջ բնակչության 60%-ից ավելին է: Այդ մարդիկ չեն կարողանում գնալ իրենց տները վտանգի պատճառով»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս