«Սփյուռքը պատերազմական այս հանգրվանում Արցախի և Հայաստանի կողքին է». Բերիոյ Հայոց Թեմի ազգային իշխանության այցը՝ ՀՀ մարդասիրական խմբին

Հոկտեմբերի 23-ին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը՝ ընկերակցությամբ Տիար Ճորճ Շահինեանի և Ազգային Վարչության անդամների, Կրոնական Ժողովի ատենադպիր Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի և Կրոնական Ժողովի անդամների, զորակցական այցելություն է կատարել ՀՀ մարդասիրական առաքելության խմբին:

Ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ, գնդապետ Արկադի Տոնոյանը, մարդասիրական խմբի ականազերծողները, բժիշկները և այլ մասնագետներ:

Առաջնորդ Սրբազան Հոր նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախի պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար:

Սրբազան Հայրը աղոթք է բարձրացրել առ Աստված՝ հայցելով Ամենակալի պահպանությունն Արցախի պետականությանը, հայոց բանակին և հայ զինվորներին:

Այնուհետ, Առաջնորդ Սրբազան Հայրն իր խոսքում հաստատել է՝ Սփյուռքը պատերազմական այս հանգրվանում Արցախի և Հայաստանի կողքին է՝ ընդդեմ մեր դարավոր թշնամու, որը 105 տարի առաջ Հայոց ցեղասպանությամբ ցանկացավ բնաջնջել հայ ժողովուրդին, սակայն հայերի ունեցած անհողդողդ կամքն ու գոյատևելու բուռն փափագը ձախողեց թուրքի բոլոր ծրագրերը:

«Այսօր Ադրբեջանը մարդասպան Թուրքիայի մղումով փորձում է նոր ցեղասպանություն իրականացնել Արցախի տարածքում, սակայն վստահ ենք, որ Ամենակալի աստվածային նախախնամությամբ և Հայոց բանակի ուժգին հարվածներով դարձյալ նահանջի պիտի մատնենք թշնամուն»,- ավելացրել է Սրբազան Հայրը:

Մասիս Եպիսկոպոսն իր հերթին՝ գնահատել է ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կողմից իրականացվող աշխատանքը սիրիական Հալեպ քաղաքում: Եվ պատեհն առիթն օգտագործելով՝ երախտագիտական խոսք է ուղղել Սիրիայի ասպնջական՝ օտարընկալ ժողովրդին, հիշեցնելով սիրիական հայրենիքի, նրա ղեկավարության՝ 105 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի գաղթական զավակներին գրկաբաց ընդունելու և իր հացն ու տունը բաժնեկցելու մարդասիրական մոտեցումը:

Մասիս Եպիսկոպոսը նշել է, թե մեր դարավոր թշնամու դեմ պայքարն իր շարունակությունն է գտել այս անգամ Արցախի հողատարածքի վրա, և մեր պարտականությունն է՝ նույն պայքարի ոգով հաղթական գոյերթը շարունակել:

Սրբազան Հայրը Թեմիսի ժողովականության և ժողովրդի զորակցությունը վերահաստատելով՝ մաղթեց, որ շուտով խաղաղություն հաստատվի Արցախում, և մեր հայորդիները վերագտնեն իրենց բարօր կյանքը:

Այցելությունն ավարտվել է մտերմիկ մթնոլորտում հանդիպում-ընդունելությամբ, որի ընթացքում ներկաները ևս մեկ անգամ քաջալերական խոսքերով իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանի և Արցախի հերոսներին, որոնք արթուն հսկում են և պաշտպանում մեր հայրենիքի սահմանները:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդասիրական խումբը Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակում է իր առաքելությունը՝ ականազերծելով Հալեպի ծայրամասում գտնվող տարածքները և բժշկական ծառայություն մատուցելով քաղաքի բնակչությանը և հայ համայնքի անդամներին:

Տեսանյութեր

Լրահոս