«Ուշադիր կարդացեք ու լսեք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցները (CNN, DW), ավելի ճիշտ լրատվամիջոցների հարցերը»
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշադիր կարդացեք ու լսեք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցները (CNN, DW), ավելի ճիշտ լրատվամիջոցների հարցերը, որոնց նա չի կարողանում պատասխանել։
Հարցերում ամեն ինչ ասվում է, պատասխաններում (ըստ էության պատասխանների խեղճության ու անողնաշարության մեջ) ‘ Հայաստանի կառավարության քաղաքական թշվառությունը։
Տալիս են ճիշտ այն հարցերը, որոնք այս երկու տարվա ընթացքում մենք էինք տալիս ու քարկոծվում զանգվածի կողմից, այսինքն բացառում քննարկումների ու քաղաքական կյանքի հնարավորությունը։ Երկու տարի մտքի ցանկացած շարժ արգելափակված է։ Ծանր գին ենք վճարում դրա համար։
Հարցնում են՝ արդյո՞ք «ձեր վարչապետի» խոսքերը, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, փակուղի չի մտցրել բանակցություններն ու Ադրբեջանին առիթ տվել պատերազմ սկսել։ Արդյոք դա ձեր կողմից «պրովոկացիա» չէ՞ր։ Կոնկրետ պատասխան չկա։
Հարցնում են, եթե այդպես եք համարում, ինչո՞ւ չեք ճանաչում Արցախն, որ իմանանք ձեր դիրքորոշումն ու դրա վրա կառուցենք մեր վերաբերմունքը։ Պատասխան չկա։
Հարցնում են, արդյոք չե՞ք կարծում, որ ձեր վարչապետի քաղաքականության պատճառով միջազգային մեկուսացման մեջ եք հայտնվել (քաղաքական «իզոլացիայի»)։ Պատասխան չկա։
Եւ այսպես շարունակ, ուղղակի կարդացեք ու լսեք, լիքը բան կարելի հասկանալ, եթե դրա ցանկությունն ու ունակությունը կա։ Շատ սկզբունքային հարցեր են, որոնք թույլ չէր տրվում տալ երկրի ներսում։
Այսպես շարունակել չի կարելի, այս քաղաքական պրիմիտիվիզմից ու մարազմից պետք է դուրս գալ, ծանր ժամանակներ են սպասվում, պետք է ուժերի գերլարումով ու քաղաքական գերճիշտ քայլերով փրկել այն, ինչը հնարավոր է փրկել»։