Մնացականյանը և Օ՛Բրայանը համակարծիք են, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորման մասին:

«Արտգործնախարարը խիստ մտահոգություն հայտնեց Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ: Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս