«Սա իսկապես շատ խորհրդանշական է. առաջին անգամ ՌԴ ղեկավարը գնահատական է տալիս Արցախյան շարժմանը և հիմնախնդրին». Դավիթ Բաբայան
«Արցախում իրավիճակը գրեթե անփոփոխ է, այսինքն՝ հակառակորդը շարունակում է իր ագրեսիան, փորձում է տարբեր ուղղություններով ճեղքել մեր պաշտպանական համակարգը։ Մեր տղաները կանգնած են և մեծ կորուստներ են պատճառում թշնամուն՝ կասեցնում են նրան։ Ընդհանուր վիճակն այսպիսին է՝ պատերազմն ընթանում է իր ողջ ծավալով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ Դավիթ Բաբայանը նշեց, որ այս ամենին զուգահեռ՝ տեսնում են շատ ակտիվ աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական, դիվանագիտական զարգացումներ։ Այս համատեքստում ամենակարևոր զարգացումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքն էր «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում, որի ժամանակ էլ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին։
«Սա իսկապես շատ խորհրդանշական է, առաջին անգամ ՌԴ ղեկավարը գնահատական է տալիս Արցախյան շարժմանը և հիմնախնդրին։ Մինչ այդ, երբեք նման բան չի եղել` այդպիսի կոնկրետ, հստակ բնութագրում, եղել են ընդհանրական հայտարարություններ, որ պետք է խաղաղություն լինի, և այլն։ Այդ նիստում Պուտինը նախ և առաջ՝ որակավորում տվեց շարժման կարևորագույն կետերից մեկին, որը եղել է Սումգայիթում, երբ հայերի նկատմամբ տեղի ունեցավ ցեղասպանություն և Արցախում հայերի նկատմամբ տեղի ունեցան և ընթանում են բռնություններ։ Սա արդեն իսկ նշանակում է, որ դեպքերին գնահատական է տալիս և ասում, թե ով է մեղավոր կողմը։ Բնական է, որ Սումգայիթը չի գտնվում Տանզանիայում կամ Սոմալիում, այլ գտնվում է Ադրբեջանում։ Եթե այս որակավորումը կա, նշանակում է, որ հետագա կարգավորումն այնպիսին պետք է լինի, որ ցեղասպանություն չկրկնվի։ Սա, փաստորեն, նշանակում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Ճիշտ է, ՌԴ ղեկավարը խոսեց նաև սահմանների ու տարածքների մասին, բայց սա արդեն բանակցային գործընթացի խնդիր է։ Ամենահստակն այն է, թե ինչպես է Ռուսաստանն այս ամենը որակում և ինչ է տեսնում՝ որպես դրա հանգուցալուծում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նա նաև նկատեց, որ ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են, ինչը ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի որակավորումը, որը տվել է Արցախյան շարժմանը, օբյեկտիվ է։
Դավիթ Բաբայանը նաև հիշեցրեց, որ այս ամենին զուգահեռ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դեմ չէ։
«Սա շատ կարևոր է, և այստեղ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ մենք արմատական փոփոխություններ պետք է մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում անդրադարձել էր Արցախի հիմնախնդրին և Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակին։ Նա մասնավորապես նշել էր, որ սերտ շփման մեջ է ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ և շատ կցանկանար, որպեսզի այդ կոմպրոմիսը գտնվեր։ Միաժամանակ՝ նա ասել էր, որ, եթե բանակցությունները Ղարաբաղի շուրջ 30 տարի արդյունք չեն տվել, դա չի նշանակում՝ պետք է սկսել կրակել, ընդգծելով, որ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Նա նաև խոսել էր սումգայիթյան ջարդերից՝ նշելով, որ Արցախյան հակամարտությունը չի սկսվել՝ պարզապես որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական բախումներից։ Եվ փաստ է, որ Սումգայիթում, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ։
Հիշեցնենք նաև, որ նույն օրն «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույց էր տվել նաև ՀՀ վարչապետը և խոսելով Արցախյան https://168.am/2020/10/22/1391967.html հիմնախնդրից՝ ասել, որ դեմ չեն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։