Ֆինանսական կայունությունն այլընտրանք չունի

Պատերազմական այս իրավիճակում ֆինանսական համակարգի կայունության ապահովումն այլընտրանք չունի։ Դա չափազանց կարևոր է՝ ինչպես ֆինանսական ինստիտուտների ու տնտեսության, այնպես էլ՝ բոլոր հաճախորդների ու ռազմաճակատի համար։ Ուստի պետք է ամեն ինչ անել ֆինանսական համակարգը հնարավոր վտանգներից հեռու պահելու համար։

Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններում ադրբեջանաթուրքական հրոսակների սանձազերծած պատերազմի անցած 4 շաբաթների ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգն աշխատել է անխափան։

Մասնավորապես, բանկային համակարգում այս ընթացքում որևէ խնդիր չի արձանագրվել՝ այդ ինստիտուտների կողմից իրենց պարտավորությունները ժամանակին կատարելու առումով։ Բանկերը լիարժեք իրականացնում են իրենց պարտավորությունները հաճախորդների հանդեպ՝ առանց որևէ սահմանափակման։

Սակայն պետք է իմանալ, որ համակարգի կայունությունը կախված է ոչ միայն ֆինանսական ինստիտուտների աշխատանքից, այլև բոլորիս վարքագծից։ Երբեք չպետք է անել այնպիսի քայլեր, որոնք կարող են նույնիսկ չնչին կասկածներ առաջացնել համակարգի կայունության վերաբերյալ։ Երկրի ֆինանսական կայունությունը պատերազմական այս իրավիճակում մեզ շատ է պետք։ Բանկային համակարգում իրացվելիությունը մինչև ռազմական գործողություններն էլ բարձր էր ու շարունակում է բարձր մնալ։

Դա հիմք է տալիս ասելու, որ անհանգստության պատճառ չկա։ Համակարգը հանգիստ կատարում է իր գործառույթները։ Նույնիսկ արտոնություններ է տրամադրում այն վարկառուներին, ովքեր այս օրերին զինվորագրվել են հարենիքի պաշտպանության գործին և խնդիր ունեն՝ իրենց վարկային պարտավորությունները ժամանակին սպասարկելու հետ կապված։ Ավելին, բանկերը պատրաստ են ներել նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։

Պատերազմական 4 շաբաթների ընթացքում կայունությունը հիմնականում պահպանվել է նաև արժութային շուկայում։ Ճիշտ է, վերջին օրերին ազգային արժույթը մի փոքր թուլացել է դոլարի և մյուս արժույթների նկատմամբ, բայց դա նորմալ երևույթ է՝ հատկապես նման իրավիճակներում։

Այնպես չէ, որ նախկինում փոխարժեքի տատանումներ չէին լինում։ Փոխարժեքի տատանումներ միշտ էլ լինում են։ Փոխարժեքները միշտ էլ կարող են բարձրանալ և իջնել։ Այնպես, ինչպես եղավ համավարակի սկզբնական շրջանում, երբ որոշակի խուճապային տրամադրությունների ձևավորման հետևանքով ազգային արժույթը որոշ չափով արժեզրկվեց։ Դոլարի գինը հասավ ընդհուպ մինչև 507-508 դրամի։ Սակայն հետո կրկին նվազեց և վերադարձավ նախկին մակարդակին։

Նման երևույթներ արժութային շուկայում երբեմն-երբեմն լինում են։ Բայց դրանք իրենց մեջ նաև ռիսկ են պարունակում հաճախորդների համար։ Տուժում են հիմնականում նրանք, ովքեր նման իրավիճակներում փորձում են ապահովագրել իրենց և շտապում են գործարքներ կատարել՝ միաժամանակ որոշակի բացասական սպասումներ ձևավորելով շուկայում։

Այսօր դա որևէ մեկին պետք չէ, և հարկավոր է զգուշանալ այդպիսի վարքագիծ դրսևորելուց։

Վերջին մի քանի օրերին արժութային շուկայում որոշակի սպասումներ են նկատվում։ Մի բան, որն արտահայտվում է տարադրամի առք ու վաճառքի միջև ձևավորված բավական մեծ լագով։ Դա երևում է հատկապես դոլարի դեպքում։ Երբեմն գնման ու վաճառքի տարբերությունները հասնում են 6-7 նիշի, ինչն այլ պայմաններում անհամեմատ ավելի փոքր է։

Նման երևույթները կարող են անհանգստությունների տեղիք տալ հաճախորդների շրջանում։ Պետք է աշխատել խուսափել դրանից և անտեղի սպասումներ չառաջացնել։

Այստեղ Կենտրոնական բանկը գործառույթներ չունի և, ըստ էության, չի կարող միջամտել փոխանակման կետերի աշխատանքին։ Փոխարենը՝ կարող է իր գործիքներով չեզոքացնել սպասումները։ Կենտրոնական բանկը դրա համար ունի նաև բավարար տարադրամային պաշարներ։ Կան նաև այլ գործիքներ, որոնք կարող են կիրառվել՝ ըստ անհրաժեշտության։

Ֆինանսական համակարգի այլ հատվածներում շատ ավելի հանդարտ է։

Որոշակի լարվածություն կա պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Մինչև ղարաբաղյան պատերազմն էլ այստեղ ունեինք դժվարություններ, ինչի պատճառով վերանայեցին նախկին կանխատեսումները։ Բնականաբար, պատերազմական շրջանում դժվարությունները կավելանան։ Անկախ ամեն ինչից՝ պատերազմը թելադրում է իր կանոնները, թուլանում է տնտեսական ակտիվությունը, սառեցվում են ապագայի պլաններն ու հեռանկարային ծրագրերը։ Դա իր հետ բերում է խնդիրներ՝ տնտեսական ակտիվության ու բյուջեի մուտքերի առումով։

Դեռ հայտնի չեն տվյալները, թե սանձազերծված պատերազմն ինչպես է անդրադարձել տնտեսության ու պետական բյուջեի եկամուտների վրա։ Այդ մասին հնարավոր կլինի ավելի ուշ խոսել, երբ կհրապարակվեն հոկտեմբերի ցուցանիշները։ Ամեն դեպքում, հաշվի առնելով մի շարք գործոններ, կարելի է ասել՝ կորուստներ, իհարկե, կլինեն։

Այդ հանգամանքը բյուջեում կատարված վերջին փոփոխություններում կանխատեսել է նաև կառավարությունը՝ նվազեցնելով նաև տնտեսական ակտիվության իր նախկին սպասումները։ Բայց պետք է փորձել հնարավորինս թուլացնել այդ ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա։ Հայաստանի տնտեսության մեջ կան ռեսուրսներ, որոնք ոչ միշտ են ծառայում բյուջեի եկամուտների ձևավորմանը։ Այսօր այդ հնարավորությունները պետք է առավելագույնս օգտագործել։ Ու դա ոչ միայն՝ տնտեսական դաշտի մասնակիցների, այլև՝ բոլորի խնդիրն է։

Պատերազմական այս իրավիճակում տնտեսական ամբողջ պոտենցիալը պետք է ծառայի պետության կենսագործունեության լիարժեք ապահովմանն ու ֆինանսական պահանջարկի բավարարմանը։ Դրան համարժեք՝ հարկավոր է, փոխվեն նաև ծախսերը։ Հիմա արդեն բյուջեով նախատեսված շատ ծախսեր ժամանակավրեպ են։ Ուզած թե չուզած՝ հրաժարվելու ենք դրանցից։

Պատերազմական այս իրավիճակն իր պահանջներն է թելադրում։ Դրանցից մեկն էլ երկրի ֆինանսական կայունության ապահովումն է։ Ֆինանսական կայունությանն այլընտրանք չկա։ Ու դրան պետք է հասնել համատեղ ջանքերով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս