Զինվորները կորոնավիրուսի թեստ չեն հանձնում, բայց, եթե տեղեկանք ունեն, որ դրական է թեստի պատասխանը, ճակատ չեն մեկնում

168.am-ը հաճախ է պատերազմի դաշտում գտնվող և առողջական խնդիրներով (օրինակ՝ մրսածություն) պայմանավորված ժամանակավոր տուն վերադարձած մեր զինվորներից հարցում ստանում, թե եթե լինի կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն, այն անվճա՞ր է, թե՞ վճարովի, և որտե՞ղ պետք է հանձնել:

Առողջապահության նախարարությունից խնդրի հետ կապված հայտնեցին, որ քանի դեռ զինվորագրված չեն, թեստ հանձնում են այնպես, ինչպես բոլորը, իսկ այս դեպքում արդեն հարցը Պաշտպանության նախարարության տիրույթում է:

ՊՆ-ին ուղղված մեր հարցմանն էլ, թե զինվորները, կամավորները կորոնավիրուսի թեստ որտե՞ղ են հանձնում, պատասխանեցին, որ չեն հանձնում, բայց, եթե տեղեկանք ունեն, որ դրական է թեստի պատասխանը, ճակատ չեն մեկնում:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ն` առողջացած, 1101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած:

Ավելի վաղ՝ մամլո ասուլիսի ժամանակ, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն ասել էր, որ վերջին օրերին մենք ունենում ենք կորոնավիրուսային վարակվածության ռեկորդային թվեր: Եթե հունիսին ամեն օր գրանցվում էր մոտ 700 դեպք, վերջին օրերին ունենք ռեկորդային աճ, որը, իհարկե, կապված է նաև պատերազմական իրավիճակին, քանի որ տեսնում ենք՝ ամեն օր մարդկանց կուտակումներ են լինում թե՛ դրսում, թե՛  փոխադրամիջոցներում:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ նման վարքագծով ավելի են ծանրացնում մեր, հանրային առողջապահական մարմինների, բժշկական ծառայությունների վիճակը: Մահճակալների քանակը սահմանափակ է, պետք է ընտրություն լինի՝ հիվանդների՞ն բուժել, թե՞ Արցախից տեղափոխված զինվորներին:

Տեսանյութեր

Լրահոս