Բողոքի ակցիայից՝ առաջնագիծ. ՌԴ մեկնել ցանկացողները ջոկատ են կազմել և մեկնել Արցախ

Ամիսներ շարունակ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ, ապա հացադուլ իրականացնող Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, պատերազմը սկսվելուն պես, ակցիաները դադարեցրել են, ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ:

«Հոկտեմբերի 2-ին մեկնեցինք առաջնագիծ և մեր թիմով 12 օր պահեցինք սահմանը, հերթափոխով եկել ենք Երևան, արդեն երկրորդ հերթափոխն ենք գնալու: Մեր ջոկատն անվանել ենք «Հայրենիքի պահապան արծիվներ»,- 168.am–ին ասաց ջոկատի հրամանատար Վարդան Վարդանյանը:

Տղաներն ասում են՝ բարեբախտաբար, ջոկատում զոհեր չունեն, մի քանի վիրավոր կա, սակայն ապաքինվելուն պես՝ կրկին կմեկնեն առաջնագիծ:

Ջոկատում ամենակրտսերը՝ 23-ամյա Գևորգը, ասաց, որ մի քանի տարի առաջ է զորացրվել, պատերազմը սկսվելուն պես՝ եղբոր հետ կամավորագրվել է այս ջոկատում և մեկնել առաջնագիծ.

 

«Ծառայել եմ, և արդեն 3 տարի է՝ զորացրվել եմ, մասնակցել եմ ապրիլյան քառօրյային և էլի ուզում եմ մեկնել մարտական դիրք»:

Ջոկատում կան նաև արտերկրից ժամանած հայեր՝ Իսպանիայից, Ռուսաստանից, մի քանի օրից էլ ԱՄՆ-ից հայեր կգան, նպատակը մեկն է՝ հաղթել: Բարսելոնայից Հայաստան ժամանած Նարեկն ասում է՝ չնայած նրան, որ ոտքերի հատվածում վիրավորում է ստացել, սահման է գնում՝ երեխաների և մեր հողերը պահելու համար.

«Պայքարում ենք մեր հայրենիքի համար, մեր երեխաների համար, այնտեղ ունենք երեխաներ, որ պետք է լինենք նրանց կողքին: Ազատագրենք, որ վաղը մյուս սերունդը լավ ապագա ունենա  մեր երկրում»:

«Հայրենիքի պահապան արծիվներ» ջոկատի հրամանատար Վարդան Վարդանյանը հպարտությամբ շեշտեց, որ իրենց կազմում պրոֆեսիոնալներ կան.

«Շատ լավ հետախույզներ և դիպուկահարներ ունենք, կան նաև մարդիկ, որ բանակում չեն ծառայել, բայց կարճ ժամանակում հասցրել են ամեն ինչին տիրապետել պրոֆեսիոնալ ձևի: Տրամադրված ենք շատ մարտական, բոլորը երդում են տվել, որ անպայման հետ են գալու, մենք չենք գնում զոհվելու, գնում ենք ազատագրենք, պաշտպանենք մեր սահմանները: Կոչ եմ անում բոլորին, թող միանան և մեկնեն առաջնագիծ, որ ժամ առաջ լուծենք այս խնդիրը»:

Ջոկատի տղաներից Արմեն Վարդանյանն էլ ասում է, որ այս պատերազմի ընթացքում ավելի է վերահաստատվել իր այն կարծիքը, որ թշնամին վախկոտ է.

«Աշխարհում այդպիսի վախկոտ ազգ չեմ տեսել, ոնց տեսա այս կռվի ընթացքում, ահավոր վախկոտ են: Մենք մեր դուխով կարողանում ենք իրենց վախեցնել, որ իրենք նահանջեն: Մեր 1 հոգին իրենց 10 հոգին արժի, եթե մենք կորուստ տանք, իրենք ավելի շատ կորուստ կտան, քանի որ մենք ավելի խելացի ենք: Դուխով են մեր զինվորները, մեր կամավորականները, մեր ազգը, չենք մտածում, որ պարտություն կա, մտածում ենք միայն հաղթանակի մասին ու հաղթելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս