«Թուրքիայի ագրեսիվ պահվածքը կարող են կանխել երկու երկիր՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը». Ռուբեն Սաֆրաստյան

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Հայաստանի արտգործնախարարի Միացյալ Նահանգներ նախատեսված այցի հետ կապված՝ պետք է ուշադրություն դարձնել որոշակի շեշտադրումների վրա։

Նախ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի հետ, որտեղ Թրամփը հիմնականում խոսել է ահաբեկիչների մասին,  նաև Միացյալ Նահանգների Կոնգրես ներկայացրած օրինագիծը, որով պահանջվում է Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից։

Ըստ թուրքագետի՝ իրատեսական չէ, որ ՆԱՏՕ-ից Թուրքիան դուրս կգա, բայց ամեն դեպքում, զգացվում է, որ Միացյալ Նահանգները, բացի այն հետաքրքրությունից, որ կար Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, սկսել է հետաքրքրվել Արցախում տեղի ունեցող իրավիճակով։

«Պետք է հաշվի առնել, որ Ջո Բայդենը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, և Քամալա Հարիսը մեր տեսանկյունից դրական հայտարարություն են արել և դատապարտել են տեղի ունեցողը։ Եթե նրանք գան իշխանության, թեև դա լինելու է 2021 թվականին, դրանից հետո կարելի է սպասել, որ Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում կունենա Արցախի հիմնահարցի վերաբերյալ, մասնավորապես, թուրք-ադրբեջանական և այդ վարձկանների ագրեսիայի նկատմամբ։ Իհարկե, դրական տեղաշարժ, բայց շատ փոքր, ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ կապված՝ այս ագրեսիայի վերաբերյալ կա։ Սակայն այդ ամենը գերագնահատել պետք չէ, դա դեռ չի արտահայտվել իրական ինչ-որ քայլերի ձևով»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ արտգործնախարարի ամերիկյան այցի կարևորությունը նաև այն է, որ ամերիկյան կողմը՝ ղեկավար շրջանակները, տեղի ունեցողի վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն կստանան, որպեսզի ավելի հստակ պատկերացում ունենան, որ հայկական կողմը՝ Արցախը, պայքարում է վարձկանների, ջիհադիստների դեմ, որը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհին։

«Շատ կարևոր է, որպեսզի փաստերի լեզվով ցույց տրվի, որ ըստ էության Թուրքիան է կանգնած այդ ջիհադիստների տեղափոխման և նախապատրաստման հետևում, սա շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ի ղեկավարությունն առաջին ձեռքից այս տեղեկատվությունը ստանա։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ Թուրքիան հանդիսանում է Միացյալ Նահանգների դաշնակիցը և՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում, և՛ ընդհանրապես, սրա համար մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ից կտրուկ քայլեր սպասել իմաստ չունի։ Լավագույն դեպքում որոշակի ճնշումներ կարող են լինել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա։ Թուրքիայի ագրեսիվ պահվածքը՝ Էրդողանի գլխավորությամբ, համոզված եմ, որ կարող են կանխել երկու երկիր՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի քաղաքականությունն այն է, որ փորձում է իր առաքելությունն իրականացնել Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք պետք է սպասենք, որ Միացյալ Նահանգներն էլ իր գործողությունները կիրականացնի Մինսկի խմբի շրջանակներում։ Կարծում եմ՝ լավագույն դեպքում ԱՄՆ-ը կդատապարտի Թուրքիային այն բանի համար, որ նա ջիհադիստների է տեղափոխել Ադրբեջան, ավելի կոնկրետ այլ բան չեմ սպասում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 17-ին The Hill-ին տված հարցազրույցում նշել էր, որ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ։

168․am-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվել էր, թե, մասնավորապես, ե՞րբ  կկայանա այցը, ի՞նչ օրակարգով: Ի պատասխան՝ Աննա Նաղդալյանն ասել էր, որ այս պահին ավել մանրամասներ, քան դեսպանն է ասել, չի կարող հաղորդել։

Տեսանյութեր

Լրահոս