«Չեմ կարծում, որ «անջատում՝ հանուն փրկության» թեզը հնչեցնելն ինքնին ժխտում է այն հանգամանքը, որ անջատում արդեն տեղի է ունեցել: Դա փաստ է, որ ոչ մեկս չի վիճարկում». Եղիշե Կիրակոսյան

«Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի առցանց ասուլիսը՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմական գործողությունների շուրջ իրավական գործընթացներին:

«Հաշվի առնելով վերջին շաբաթվա զարգացումները՝ կապված տարբեր տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարություններ, դիակների նկատմամբ վատ վերաբերմունք, այլանդակություններ, երեկ մենք կրկին դիմել ենք Եվրոպական դատարան: Այդ տեսանյութերն անխոս սարսափելի էին և, մարդու իրավունքների տեսանկյունից՝ ուղղակի անընդունելի: Հաշվի առնելով դա՝ մենք դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի ոչ միայն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլ նաև ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի, այդ թվում՝ թե ռազմագերու, թե քաղաքացիական բնակչի անվտանգության ապահովման նկատառմանը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին իրենք ակնկալում են դրական պատասխան Դատարանի կողմից:

Ըստ նրա՝ հասկանալի է, որ այս փուլում կիրառված միջանկյալ միջոցները կյանքի կոչելը բարդ է, այնուամենայնիվ, դրանք շատ էական են իրենց ազդեցությամբ՝ թե՛ հիմա և թե՛ հետագայում:

«Ամեն դեպքում, կարծում եմ՝ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որոնք նախատեսում են նաև Նախարարների կոմիտեի միջամտությունը, երբ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները չեն պահպանվում, կլինեն շուտով»,- նկատեց Եղիշե Կիրակոսյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի  առաջ քաշած «Անջատում՝ հանուն փրկության» թեզի ու դրա խնդրահարույց լինելու մասին՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այդ սկզբունքը հիմնաքարային է, և շփոթ չառաջացնելու համար հստակեցրեց, որ դա նույնն է, ինչ  ինքնորոշման իրավունքը:

«Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելն ինքնին ժխտում է այն հանգամանքը, որ անջատում արդեն տեղի է ունեցել: Դա փաստ է, որ ոչ մեկս չի վիճարկում: Վաղուց արդեն տեղի է ունեցել անջատումը, և, ընդ որում, անջատում տեղի է ունեցել Խորհրդային Միությունից, և փաստ է, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և սա շատ կարևոր արձանագրում է: Այս թեզի հիմնական իմաստն այն է, որ նախ՝ այս պահի դրությամբ մենք ունենք ռեալ վտանգ, որը դրսևորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի միջոցով, և որի նպատակն է՝ օկուպացնել և գրավել Արցախը, այս սկզբունքը կանխում է հետդարձի ճանապարհը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իր ներկայացրած տեղեկությունները վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործերին:

«Դեռևս 2020թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ են ծավալվել ՀՀ-ի հետ Տավուշի մարզին հարող տարածքներում, որի ընթացքում ականանետային և հրթիռահրետանային միջոցներով հրթիռակոծվել են Տավուշի մարզի շուրջ 8 բնակավայրեր: Նշված փաստերի առթիվ դեռևս այն ժամանակ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր սպանության, ազգային, կրոնական շարժառիթով զուգակցված ատելության, գույքի վնասման դեպքերով»,- ասաց ավագ դատախազը:

Ըստ նրա՝ ներկայում նույնպես հարուցվել է քրեական գործ, համապատասխանաբար՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական իրավունքների խախտումներ  թույլ տալու, վերադասի կողմից ստորադաս անձանց մասսայական ոչնչացնելու, ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային վարձկաններին հավաքագրելու և ներգրավելու փաստով:

«Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարձակում են գործել ու արդեն թիրախավորել են ՀՀ տարածքը, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքները՝ գրոհների թիրախ դարձնելով քաղաքացիական բնակչությանը, ինչը թե մեր ներպետական, և թե միջազգային օրենսդրությամբ անթույլատրելի է և համարվում է կոպտագույն խախտում»,- ասաց Արշակ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս մասով ևս Զինդատախազությունում հարուցվել է առանձին քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն, որի ընթացքում արդեն իսկ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ անգամ հայտարարված հումանիտար հրադադարի պայմաններում թշնամին վարձկաններին հրահրել է կատարել ռազմական գործողություններ:

«Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ձեռնարկել ռազմական գործողություններ: Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նրանց ստիպել են կրել ադրբեջանական համազգեստ՝ դրանով իսկ փորձ կատարելով թաքցնել այդ իրականությունը»,- ասաց ավագ դատախազը:

Նա նշեց նաև, որ հոկտեմբերի 10-ին արդեն Հադրութի շրջանում այդ վարձկանները փորձել են դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել, հրկիզել են բնակիչների առանձնատներ, սպանել ԱՀ ՊԲ զինծառայողների, սպանել խաղաղ բնակիչների: Սրա հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի՝ արդեն 389-րդ հոդվածով, այն է՝ միջազգային ահաբեկչություն կատարելու գործով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս