«Այս պատերազմում առանձին բնագծերով, բարձունքներով, տեղանքների անուններով հաջողություններ ֆիքսելն ակտուալ չէ». Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբից հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ` օպերացիոն ընդհանուր ուղղության երկու առանձին հատվածներում, փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Ընդ որում, մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ շպրտվել` կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև` մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակվել են մարտերը, և համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում, դուք տեսնում եք: Այս պատերազմում, որը չափազանց ուժգին, սաստիկ և մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերով, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվել և հաջողություններ ֆիքսելը տվյալ պատերազմում ակտուալ: Ընթանում է 5-րդ սերդնի պատերազմ` բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով` ստատիկ բնագծերի պահպանության համար, առանձին մարտական գործողություններ չեն վարվում: Դրա համար կոնկրետ բնագծեր, հաջողություններ և նահանջներ չենք նշելու»,-մանրամասնեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանը դարձյալ կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում` ԱԹՍ-ներ:
«Այսօր Ժամը 20.30 դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը ՀՀ տարածքում»,-նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում