Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
Նա հայտնեց, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք» «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները պահանջում էին նաև ճանաչել Արցախի անկախությունը:
«Բացի դրանից, ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները:
Հատուկ ուզում եմ ընդգծել «Կանաչներ» կուսակցության պատվավոր նախագահ Ուելի Լոյենբերգերի ներդրումը այս ամենում, ով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայել մեզ աջակցելու հարցում»,- եզրափակեց Գասպարյանը:
Երթը կազմակերպվել է հայ-շվեյցարական միության կողմից, որին միացել էին բոլոր հայկական ասոցիացաները: