«Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում». Նիկոս Դենդիաս

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձավ հայաստանյան իր գործընկերոջ հետ քննարկումներին և հայտնեց, որ խորը քննարկումներ են ծավալել՝ ինչպես ռեգիոնալ զարգացումների, այնպես էլ՝ երկկողմանի հարաբերությունների շուրջ. «Մենք ջանք չենք խնայում  խորացնելու մեր հարաբերությունները՝ մասնավորապես, տնտեսական ասպարեզում, որտեղ դեռ շատ տեղ կա բարելավելու վիճակը:

Ես ուշադիր ունկնդրեցի նախարարի վերլուծությունը Հարավային Կովկասի կոնֆլիկտի շատ մտահոգիչ բռնկման վերաբերյալ: Աթենքից մենք հետևում ենք այդ զարգացումներին խիստ.  ողջունում ենք Մոսկվայում բանակցված զինադադարի լուրը,  մեզ շատ մտահոգում են  դրա խախտումները: Թույլ տվեք կրկնել՝ հրադադարը պետք է խստորեն հարգվի. համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին՝ Մինսկի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա:

Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությամբ, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության  և բարեկեցության տարածաշրջանում:  Երկու դեպքերում էլ խիստ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա, և նրանց, ովքեր դրսևորում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ»:

Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ  հստակ է և պետք է վերջ դրվի օտար միջամտությանը:

«Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է, իրականում այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում:

Հունաստանն այս կապակցությամբ իր ձայնը բարձրացրել է ի սկզբանե. մենք առաջինն էինք, որ պահանջեցինք ԵՄ արձագանքը՝ այս կոնֆլիկտի սրման առնչությամբ՝ կոչ անելով անմիջական և տևական զինադադարի և խաղաղ լուծման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո, մենք նաև առաջարկեցինք, որ ԵՄ-ն  կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»:

Նիկոս Դենդիասը հավելեց, որ այս համատեքստում նույնիսկ հետ է կանչվել Բաքվում Հունաստանի դեսպանը խորհրդակցությունների համար:

Նա նաև լրագրողներին տեղեկացրեց , որ Զոհրաբ Մնացականյանին առիթ է ունեցել տեղեկացնելու Արևելյան Միջերկրականի իրավիճակի մասին. «Լարումները և ապօրինի գործողությունները Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում բոլորն էլ ունեն քաջ հայտնի ընդհանրություններ, և դա  Թուրքիան է. Թուրքիայի կողմից միջազգային լեգիտիմությունը հարգելու ԵՄ կոչերի անտեսումն է հանգեցրել դրան:

Նիկոս Դենդիասը լրագրողներին հայտնեց նաև, որ այսօր Հունաստանի վարչապետ Միցոտակիսը ևս մեկ անգամ կարծարծի այդ խնդիրները ԵԽ-ում:  «Մեր դիրքորոշումը բյուրեղի պես հստակ է ի սկզբանե՝  մենք միշտ պատրաստ ենք մտնել երկխոսության մեջ  բարի կամքով,  միջազգային իրավունքի հիմունքների վրա և ելնելով բարիդրացիական հարաբերությունների սկզբունքից: Բայցևայնպես, փոխանակ կոչ անելու բանակցությունների, որոնք, ի դեպ, փոխհամաձայնեցված էին,  մենք ևս մեկ անգամ բախվեցինք թուրքական սադրանքների վերսկսմանը և ապօրինի վարքագծին: Ահա թե ինչու ենք շարունակաբար ընդգծում ակնհայտը՝ որ Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե՝ հայտարարություններով»:

Հունաստանի ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ իր գործընկեր   Զոհրաբ Մնացականյանի հետ զրուցել են  Կիպրոսի մասին, որտեղ Թուրքիան կրկին սիստեմատիկորեն Կիպրոսի խնդրի  համապարփակ լուծմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  բանաձևերն է խախտում: Այն շարունակում է իր ապօրինի գործունեությունը Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում և տարածքային ջրերում և վերջերս ակնհայտորեն  խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը՝ մի գործողություն, որն Անվտանգության խորհուրդն անմիջապես կոչ արեց շրջադարձելու:

Համատեղ ասուլիսում Նիկոս Դենդիասն անդրադարձավ նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին՝ նշելով. «Ինձ համար մեծ հաճույք է բարեկամների միջավայրում գտնվելն այստեղ՝ Երևանում: Մենք երկար ու կուռ հարաբերությունների նախապատմություն ունենք, հարաբերություններ, որոնք հիմնված են կուռ պատմական հիմքերի վրա, ուստի իմ ներկայությունն այստեղ, սիրելի Զոհրաբ, խորհրդանշական է մեր բարեկամության տեսակետից` ձեր և հայ ժողովրդի հետ»:

Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը լրագրողներին հայտնեց նաև, որ նախքան ԱԳՆ  ժամանելը` հարգանքի տուրք է  մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում,  որն իր համար մեծ պատիվ է.  «Ես շատ հուզված էի, քանի որ մեր ժողովուրդներն այդօրինակ ոճիրների խորը ցավը կիսում են: Այս ողբերգական եղելությունների հիշողությունը չպետք է մոռանալ, որպեսզի նման ոճիրներ չկրկնվեն երբևէ»:

ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադառնալով՝ Հունաստանի ԱԳ նախարարը վստահեցրեց, որ կշարունակեն տրամադրել բոլոր հնարավոր օժանդակությունները՝ ելնելով գերազանց երկկողմանի հարաբերություններից և երկկողմանի համագործակցության հուշագրից:

Տեսանյութեր

Լրահոս