Այսօր անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, և դրանում Ռուսաստանի դերը ծայրաստիճան կարևոր է․ Զոհրաբ Մնացականյանը` Լավրովին

«Ցանկանում եմ ընդգծել հավաստանշման մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության»,- այս մասին Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանն ասաց, որ հայ-ռուսական երկկողմ օրակարգը լայն է, հարաբերությունների խորությունը և ձևաչափերը բավականին մեծ են, մենք համատեղ աշխատում ենք թե միջազգային հարթակներում, թե համատեղ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, և ԵԱՏՄ-ն, և ՀԱՊԿ-ը, այս ամենն այսօրվա  երկխոսության օրակարգում է։ Բայց, իհարկե, նրա խոսքով, այլ իրավիճակում կարելի էր շատ երկար խոսել գործընկերային հարաբերություններից, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է իրավիճակի զարգացման վրա, որը դարձել է մեր ողջ տարածաշրջանի համար իրական անվտանգային սպառնալիք։

«Այն, ինչին բախվել են այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում,  գոյաբանական սպառնալիք է, որը հասունացել է մի քանի տասնյակ տարիների ընթացքում, որի մասին մենք խոսել ենք մշտապես։ Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի ձեր շնորհիվ, Սերգեյ Վիկտորովիչ, և անմիջականորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ, մեզ հաջողվեց համաձայնեցնել միացյալ հայտարարություն նախարարական մակարդակով՝ հրադադարի մասին, մենք բարձր ենք գնահատում Ձեր և Ռուսաստանի ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը, որպեսզի մենք հասնենք նման արդյունքի։ Այսօր անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, և դրանում Ռուսաստանի դերը  ծայրաստիճան կարևոր է։ Ցավոք սրտի, այս պահին չենք կարող ասել, որ գործնականում ունենք հրադադարի  լիակատար իրագործում, և հենց այս այցից առաջ շարունակում էր գալ տեղեկատվություն, որ Ադրբեջանը չի իրագործում իր պարտավորությունները  հրադադարի շուրջ։ Այս իմաստով ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք թույլ կտան հասնել այդ ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության։ Այս ընթացքում, սկսած սեպտեմբերի 28-ից, շարունակվում է լայնամասշտաբ ագրեսիա Արցախի ժողովրդի դեմ բաց կերպով, ցույց են տրվում հակամարտությունն ուժով լուծելու իրական նպատակներն Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացմամբ»,- ասաց Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը թվարկեց հակառակորդի կողմից ռազմագործողություններում կիրառված սպառազինությունները, նաև այն, թե որ քաղաքներն են թիրախավորվել և ինչ վնաս է հասցվել Արցախին Թուրքիայի աջակցությամբ, քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Նա նաև նշեց, որ շատ են զոհերն Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով։ Նրա խոսքով, հոկտեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի և նրանց աջակցող ուժերի գործողությունների հետևանքով մահացել է 23 խաղաղ բնակիչ, 100-ից ավելի անձ ստացել է վիրավորում, որոնցից 81-ը՝ ծանր։

«Այս ագրեսիայի հետևանքով մեծապես աճել է պարտադրված տեղահանվածների թիվը, նրանցից ոմանք տեղափոխվել են Ղարաբաղի այլ բնակավայրեր, կան նաև փախստականներ, որոնք հաստատվել են Հայաստանում։ Մեծ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասաց Մնացականյանը՝ թվարկելով, թե ինչպես են վնասվել ենթակառուցվածքները։

Ըստ նրա, տարածաշրջանում առկա սպառնալիքը խորանում է երկու բացասական գործոնի հետևանքով՝ Թուրքիայի ուղիղ ներգրավում և Սիրիայից ու Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների ներդրում Ադրբեջանում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, ահաբեկիչները, կրոնական արմատականները լայնորեն օգտագործվում են Թուրքիայի ներկայիս իշխանության կողմից սեփական  շահերի առաջմղման համար և հարևան տարածաշրջաններ ազդեցության արտահանման նպատակով։ «Այդ փաստն ապացուցված է արդեն ոչ միայն մեր աղբյուրներով, բայց և արձանագրված է ու հնչեցված միջազգային հանրության կողմից»,- նկատեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում։

 

Տեսանյութեր

Լրահոս