Էրդողանը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան. Նոամ Չոմսկին՝ Արցախի խնդրի մասին
Փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան Նոամ Չոմսկին անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախի ուղղությամբ՝ մասնավորապես, նշելով, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում ստեղծել Օսմանյան խալիֆայություն, տարածել իր կշիռը, իսկ Իսրայելի համար միևնույն է, թե իր վաճառած զենքով ում կսպանեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, Նոամ Չոմսկին նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում գործող «Այլընտրանքային ռադիոյի» հիմնադիր և տնօրեն Դավիթ Բարսամյանի հետ զրույցում:
Պատմաբանը նկատել է, որ իրական ճգնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, անշուշտ, թուրքական աջակցությամբ, իսրայելական զենք է կիրառել: Եվ ադրբեջանական զինված ուժերը դրանցով սպանում են Լեռնային Ղարաբաղի հայերին:
«Էրդողանը Թուրքիայում հիմնականում փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան, իսկ ինքը՝ որպես խալիֆ, գերագույն առաջնորդ, իր կշիռը տարածել ամբողջ տարածքում և միաժամանակ ոչնչացնել ժողովրդավարության մնացորդները Թուրքիայում: Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով: Նրանք վաճառում են ցանկացած մեկին՝ հաշվի չառնելով, թե ում են սպանելու դրանով»,- ասել է Նոամ Չոմսկին:
Նա նկատել է, որ բազմաթիվ չարագործ ուժեր կան ներգրավված, և կարելի է միայն հուսալ, որ կգործադրվեն միջազգային որոշակի ջանքեր՝ մեղմելու ոճրագործությունները և ագրեսիան՝ նախքան դա կվերծավի զանգվածային ջարդերի և, հնարավոր է, միջազգային պատերազմի:
Անդրադառնալով Բարսամյանի դիտարկմանը, որ Թուրքիան Սիրիայից ISIS-ի ջիհադական վարձկաններ է բերել՝ Ադրբեջանի հետ կռվելու ընդդեմ հայերի, նա նկատել է, որ դա միանգամայն ճիշտ է: «Թուրքիան նույնն է անում նաև Լիբիայում, դա այն վայրերից մեկն է, որտեղ Էրդողանը փորձում է տարածել իր ուժը»,- նշել է Չոմսկին:
Նա նաև խոսել է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իրական ժողովրդավարական հեղափոխության մասին: Պատմաբանը շեշտել է, որ պետք է միջազգային լուրջ ջանքեր գործադրվեն՝ ներկայիս ագրեսիան դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի խճճված խնդիրը լուծելու նպատակով ինչ-որ միջոց գտնելու համար: «Դա հեշտ լուծելի չէ, բայց ողջամիտ բանակցությունների միջոցով կարող է լինել հնարավոր արդյունք»,- եզրափակել է նա:
Պատրաստեց Աննա Գրիգորյանը