«Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան. մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի առարկայական աջակցությունը». ԱՀ նախագահ
Ադրբեջանին սատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Եվ այս առումով մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական:
Կազմակերպված ասուլիսի ընթացքում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան` Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի տակ»,- նշեց նա` պնդելով, որ փաստերը շատ են` ռուսական, ՄԽ-ի, ամերիկյան, ֆրանսիական, ինչը տարբեր ձևաչափերով իշխանությունների կամ կառույցների կողմից հաստատվել և լուսաբանվել է:
«Դա անթաքույց չեն անում, տարբեր երկրների, ընդհուպ Աֆղանստանի կամ Պակիստանի իշխանությանը սատարող թերթերում գրվում է, որ պատրաստվում են այցելել Արցախ, և մենք էլ ունենք տարբեր ապացույցներ, որ այդ հանցախմբերը գտնվում են Արցախում, կամ պատրաստվում են գալ Արցախ»,-շարունակեց Արայիկ Հարությունյանը:
ԱՀ նախագահն ասաց, որ Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանն օգտագործում է «Սմերչ,» «Պոլոնեզ», «Քասիրգա», ԱԹՍ-ներ` հարվածային:
Ըստ Արայիկ Հարությունյանի, Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չի պայթել, և այն էլ` ոչ մեկ անգամ: Կամ` Շուշիի եկեղեցին, որին հարվածելը չի մտնում որևէ բարոյական տիրույթի մեջ, և որի շրջակայքում որևէ զինվորական կամ ենթակառուցվածքային օբյեկտ չկա:
«Արցախում ոտնահարվում են համամարդկային արժեքները, խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց է ընթանում»,-ընդգծեց ԱՀ նախագահը: