ԱԱԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն հաղորդել Ադրբեջանի օգտին պետական դավաճանություն կատարած անձի մասին

Այն պահին, երբ ողջ երկիրը, աշխարհի հայությունը կենտրոնացած էր Արցախում դաժան պատերազմական գործողությունների ուղղությամբ, երբ բոլորը պաշտոնական լրահոսին հայացքները հառած` լավ լուրերի էին սպասում,  հոկտեմբերի 1-ին՝ լայնածավալ պատերազմական գործողությունների 5-րդ օրը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պաշտոնական հաղորդագրություն հրապարակեց, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:

Մասնավորապես, նշված էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ,  օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

«Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների  կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Գրված էր նաև, որ վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու համար որոշում է կայացվել հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քանի որ հաղորդագրության մեջ որևէ անուն չկար նշված, հայտնի չէր՝ ով է դավաճանություն կատարած անձը կամ ինչ պաշտոն է զբաղեցրել, 168.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ փորձելով պարզել՝ ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը: Բնականաբար, մեզ ոչինչ չասացին, խորհուրդ տվեցին միայն բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ:

Մենք պնդեցինք, որ, եթե պատերազմական այս օրերին, երբ բոլորի ուշքն ու միտքը ռազմաճակատում է, տարածվում է նման հաղորդագրություն, որում որևէ կոնկրետ կամ գոնե մոտավոր տվյալ նշված չէ, և թիրախավորվում է միայն նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց շատ մեծ շրջանակ, դա առնվազն տարօրինակ է, եթե հատուկ չի արվում և՝ կոնկրետ նպատակով:

Ինչևէ, փորձեցինք գրավոր հարցման միջոցով ստանալ մեր հարցերի պատասխանները:

ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանի անունով 168.am-ը գրավոր  հարցում ուղարկեց, որով ցանկացել էինք ստանալ ստորև բերված հարցերի պատասխանները՝

1. Պատերազմական այս ծանր օրերին այս հաղորդագրության անորոշ և անհասցե բովանդակությունը թիրախավորում է կոնկրետ շրջանակների, և ըստ ամենայնի արդարացիորեն հասարակությանն այս պահին հուզում է հարցը՝ ո՞վ է ձեր կողմից նշված նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձը, որի մասին խոսվում է հաղորդագրության մեջ:

2. Ո՞վ է պետական դավաճանության մեջ մեղադրվող անձը: Եվ եթե հաղորդագրության մեջ նպատակահարմար չի համարվել նշել անունը, պետք է որ նշված լիներ այն պաշտոնների ցանկը, որը տվյալ անձը զբաղեցրել է տարբեր ժամանակներում, ինչպես անում է այլ պաշտոնյաների դեպքում: Այլապես ԱԱԾ-ն խախտում է և մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը, և կասկածի ալիքի տակ առնում նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բազմաթիվ անձանց:

ԱԱԾ-ից մեզ ուղարկված պատասխանը շատ «խոսուն» էր:

«Ձեր կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված 2020թ. հոկտեմբերի 1-ի հարցման՝ հայտնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող տվյալ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով (նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը), ինչպես նաև հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետը և ելնելով վերոգրյալից՝ Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը նախաքննության այս փուլում հնարավոր չէ տրամադրել»,- նշված էր ԱԱԾ պատասխանի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս