
«Որքան շատ են ռմբակոծում, այնքան ավելի է մեր կամքն ուժեղանում․ սա պետք է լավ հասկանան». Դավիթ Բաբայան

Թշնամին կրկին Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները։ Դրանով թշանամին ինչ-որ տեղ արտահայտում է իր անհաջողությունները, ատելությունը, ահաբեկչությունը և նացիզմը, քանի որ թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա նաև ընդգծեց, որ Ստեփանակերտում և առհասարակ Արցախում որևէ խուճապ չկա։
«Խուճապ չկա, միայն զայրույթ կա, ի՞նչ խուճապ պետք է լինի։ Այն, ինչ անում են նրանք, խորթ է մեր քաղաքակրթությանը, դրա համար մի քիչ զայրույթ կա։ Մենք կանգնած ենք ու կանգնելու ենք, որքան շատ են ռմբակոծում, այնքան ավելի է մեր կամքն ուժեղանում, սա պետք է լավ հասկանան»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Նրա խոսքով՝ 90-ականների և այժմյան Ադրբեջանի գործելաոճում միակ տարբերությունն այն է, որ տեխնիկապես ավելի հագեցած են, բարոյական տեսանկյունից նրանց գործելաոճում որևէ փոփոխություն չկա, ավելին՝ ամեն ինչ դեպի վատն է գնացել։
«Նրանք այն են, ինչ եղել են, որևէ ձևով փոփոխության չեն ենթարկվել, պարզապես ստացել են տեխնիկական հագեցվածություն, ուրիշ որևէ բան չի փոխվել՝ նույն պահելաձևը, գործելաոճը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Պաշտպանոթւյան նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հակառակորդը կրկին թիրախավորել է Ստեփանակերըի քաղաքացիական օբյեկտները։