Ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն. Տիգրան Ավինյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Տիգրան Ավինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկել ենք օպերատիվ իրավիճակն ու վերջին զարգացումները, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պայմաններում մեր ժողովրդի ուժերի համախմբման, թիկունքային ապահովման աշխատանքների կոորդինացման և այլ կարևոր հարցեր: Նախագահի հետ միասին հանդիպել ենք նաև Արցախ մեկնած մեր կամավորներին, ում ոգևորությունը վարակիչ էր:

Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում: Այս օրերի մեր միասնությունը, կամքն ու արիությունը մեր արդար հաղթանակի ու թշնամու տապալման գրավականն են:

Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական:

Մեր ազատության համար մղվող գոյամարտում Աստված մեզ հետ է, մեր գործն արդար է և ճշմարիտ, հետևաբար հաղթելու ենք»,- գրել է Ավինյանը

Տեսանյութեր

Լրահոս