«Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և դժվար մարտեր են ընթացել: Հակառակորդն ունի նաև մոտ 1900 վիրավոր` բոլոր ստորաբաժանումները միասին վերցված:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինտեխնիկայի կորուստներին, Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական բանակը կորցրել է 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ:

Ինչպես տեղեկացվեց, մարտերը շարունակվում են, հակառակորդի բոլոր գրոհները հետ են մղվում հայկական զինուժի կողմից:

«Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնք երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, ու այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու-25 գրոհիչը, ցավոք, օդաչուն մահացել է»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա արեցին շատ ոչ հնարամիտ ձևով։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Վարդենիսի ուղղությամբ օգտագործվել են նաև թուրքական «Բայրաքթար» կոչվող ԱԹՍ-ներ, որոնց գործողությունները, ըստ նրա, հավանաբար ևս համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով:

ՊՆ ներկայացուցչը, անդրադառնալով մեր կողմի կորուստներին, ասաց, որ դրանք այս պահին ամփոփվում են, հավանաբար վաղը կներկայացնեն:

«Այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս