«Այս կռիվը մենք պիտի շահինք, դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք». հայրենադարձների ուղերձը զինվորներին

Այսօր մի խումբ հայրենադարձներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ իրենց զորակցությունը հայտնելու մեր զինվորներին: Միջոցառման կազմակերպիչ Ռազմիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բոլորն էլ պատրաստ են Արցախ մեկնելու և հայրենիքը պաշտպանելու:

«Եկել ենք ցույց տալու, որ Հայաստանն ուժեղ է, հզոր է, Արցախը հզոր է իր բանակով, ինչպես նաև՝ իր սփյուռքով»,- ասաց Մինասյանը:

«Ադրբեջանը ցեղասպան թուրքի հետ իր նպատակին չի հասնելու, որովհետև գործ ունեն ողջ հայության հետ: Հաղթանակը մերն է, մենք պարտության մասին մտածելու իրավունք չունենք, մենք հաղթելու ենք միանշանակ»,- ասաց միջոցառման մասնակիցներից մեկը:

«Սփյուռքահայերը չեն ծնած հայրենիքի մեջ, բայց հայրենիքը ծնած է մեր մեջ: Ուզում եմ ասել մեր զինվորներին, որ դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք, թեկուզ, եթե միայն պիտի աղոթենք ձեզ համար: Այս կռիվը մենք պիտի շահինք, հաղթելու ենք: Նույնիսկ եթե կյանքերնիս բիդի զոհենք, Արցախը մեզի է»,- ասաց լիբանանահայ Կարինե Ներսիսյանը:

Միջոցառման մասնակիցներն անգլերեն և արաբերեն դիմեցին միջազգային հանրությանը՝ ասելով, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել, իսկ Արցախը պաշտպանվում է և ուզում է ապրել խաղաղ:

«Կանգնեցրեք ահաբեկչությունը, Stop terrorism»,- ասաց Ռազմիկ Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս