Աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի օդուժի լկտի գործողությունը Ադրբեջանի տարածքից. թուրքագետ

Թուրքագետ Արամ Անանյանը վստահ է, որ աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների կողմից Ադրբեջանի տարածքից ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի խոցումը:

«Եթե աշխարհը հանդուրժելու է Թուրքիայի օդուժի լկտի գործողությունը Ադրբեջանի տարածքից, ապա եկեք արձանագրենք մի փաստ, որ, ըստ էության, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի կողմից ենթարկվում է հարձակման: Այս ամենին պարտավոր են արձագանքել թե՛ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, թե՛ ՀԱՊԿ անդամները», – նշեց Անանյանը:

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ–ով ռմբահրթիռային հարվածները:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

Տեսանյութեր

Լրահոս