«Եթե Ռուսաստանը սկսի կտրուկ շարժումներ անել, ողջ Կովկասը կարող է այրվել»․ գեներալ Տեր-Գրիգորյանց

168am-ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, կանգնած լինելով հայկական զինված ուժերի ձևավորման ակունքներում, լավ ծանոթ լինելով հայկական զինված ուժերին և Արցախյան հակամարտության պատմությանը՝ ինչպե՞ս եք գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախյան հակամարտության գոտում արդեն 3 օր։ Այսօր արդեն հակառակորդն ավելի ծանր սպառազինություն է կիրառում, թիրախավորում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Վարդենիսը, այսինքն՝ ռազմագործողությունների աշխարհագրությունը ևս ընդլայնվում է, և այս դեպքում արդեն հարց է առաջանում, թե նման գործողությունների շարունակականության դեպքում ինչպե՞ս են գործնականում աշխատելու ռուսական անվտանգության երաշխիքները, ՀԱՊԿ պարտավորությունները, և ի՞նչ կարելի է ակնկալել Ռուսաստանից, որը մինչ այս պահը բավականին զուսպ դիրքորոշում է ստանձնել։

– Կոռեկտ չէ, որ ես ասեմ, թե ինչ կանեն ՌԴ իշխանությունները, քանի որ ես այդ հարցին կարող եմ պատասխանել միայն՝ որպես ՌԴ քաղաքացի և զինվորական։ Բնականաբար, օրուգիշեր հետևում եմ իրավիճակին և կապի մեջ եմ բոլորի հետ։ Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, և Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց տեղակալները, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Նախիջևանում զորավարժությունների արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ աջակցում են այն բոլոր որոշումներին, որոնք Ադրբեջանն է կայացնում։ Այսինքն՝ պատերա՞զմ, ուրեմն աջակցում են պատերազմին, աջակցում են ցանկացած որոշման, որը կկայացնի Ադրբեջանը, քանի որ իրենք հռչակել են երկու պետություն-մեկ ազգ։ Այդ մասին խոսում էր դեռ Ալիևի հայրը, իսկ հիմա այդ հարցն արդեն լուծված է։

Բոլոր բացասական ռազմական և տեղեկատվական գործողությունները Հայաստանի դեմ դիտարկվում է և պետք է անպայմանորեն ընկալվի Ռուսաստանի դեմ։ Ադրբեջանը ժպտալով, սրիկայաբար, իբրև թե բարեկամաբար հարձակվում է Ռուսաստանի վրա, քանի որ Վարդենիսը հայկական հանրապետության տարածքն է, իսկ Հայաստանն անվտանգության ապահովման պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաև անդամակցում է ՀԱՊԿ-ին, որը նշանակում է, որ հարձակումը յուրաքանչյուր երկրի նկատմամբ՝ հարձակում է կառույցի և դրա անդամ երկրների նկատմամբ։ Վարդենիսի վրա կրակում են, քանի որ նրանք հուլիսի 12-ին հարձակվեցին Նոյեմբերյանի շրջանի վրա, և ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ որևէ մեկը ոչինչ չասաց, չեղավ որևէ նոտա, չեղավ որոշակի վերաբերմունք դրա նկատմամբ Ռուսաստանից։ Թուրքիան և Ադրբեջանն իրականացրին, այսպես կոչված, քաղաքա–տեղեկատվական հետախուզում և հասկացան, որ ՀԱՊԿ-ը անգործ կազմակերպություն է, և փոխադարձ միջպետական համաձայնագրերը չեն գործում, և հիմա նշանակում է, որ կրակելու են ամենուր։

Ի դեպ, Թուրքիան և Ադրբեջանը նաև վերջերս զորավարժություններ անցկացրին Նախիջևանի տարածքում, իսկ ինչո՞ւ են սովորում այդտեղից պատերազմել, ո՞ւմ դեմ՝ Թուրքիայի՞, ոչ, Իրանի՞ դեմ՝ ոչ, Ռուսաստանի՞ դեմ՝ ոչ, թեև Ռուսաստանն այնտեղ ներկա է բազայի միջոցով։ Այսինքն՝ պատերազմում է Հայաստանի և նաև Ռուսաստանի դեմ։ Իսկ խնդիրը ո՞րն է, խնդիրն Ալիևը այսպես է ձևակերպել՝ այդ տարածքն ադրբեջանական է, ով ուժեղ է, նա էլ ճիշտ է, իսկ ՄԱԿ-ը, ՄԱԿ ԱԽ-ն և մյուս բոլոր կառույցները լռում են։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Վարդենիսի մասով պետք է որոշակիություն մտցնեն և բողոքի նոտա հղեն Ադրբեջանին, բայց դեռ որևէ նոտա և որևէ բան չկա։

Խոսեմ նաև Վրաստանից․ Վրաստանը դավաճանաբար փակում է իր բոլոր ճանապարհները և թույլ չի տալիս ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել, հումանիտար օգնություն հասցնել, հասարակ օգնություն կամ բազա սպառազինություն բերել, և դրանով Վրաստանն աջակցում է այդ պլաններին՝ թույլ չտալով նաև Վրաստանից հայ կամավորականների մուտք Հայաստան, նրանք իրականացնում են այն խնդիրը, որը դրել են Ադրբեջանն ու Թուրքիան։ Խոսքը ոչ թե Վրաստանի ժողովրդի, այլ իշխանության մասին է։ Ադրբեջանի, Հայաստանի, Ղարաբաղի ժողովուրդներն այս զզվելի, անբարոյական քաղաքականության զոհերն են։

Քաղաքականապես գուցե տեղին չէ նման ձևակերպումներ անելը, բայց հասարակության շրջանում այս օրերին շատ է շրջանառվում այն միտքը, որ Հայաստանը միայնակ է մնացել քաղաքա–դիվանագիտական և ռազմական դաշտում։ Այսինքն՝ Դուք ևս կիսում եք այդ միտքը։

– Ստացվում է այդպես։ Հայաստանը միայնակ է մնացել, թեև կան երկկողմ, եռակողմ և բազմակողմ պայմանագրեր։ Կարծում եմ՝ ելքն այն է, որ Հայաստանն ամեն դեպքում կարողանա հասնել նրան, որ ունենա զսպման և վրիժառության շատ զենքեր։ Ունի Հյուսիսային Կորեան նման սպառազինություն, արդեն Թրամփն է ձեռքով բարևում։ Դրանք պետք է օգտագործել և հետներս էլ տանել այդ սրիկաներին, այսինքն՝ պայթեցնել և մեզ, և թուրքին, բայց գերի չընկնել։ Մենք չպետք է գերի ընկնենք, մենք պետք է պատերազմենք, պահենք մեր պատիվն ու արժանապատվությունը։ ՀՀ վարչապետն է անձամբ հայտարարել, որ Արցախի պաշտպանության բանակը բաղկացած է 20 հազար զինծառայողից, իսկ եթե երկկողմ փոխօգնության պայմանագիր կնքվի, կարող է Հայաստանի բանակն ուղղվի այնտեղ օգնության։

– Այսինքն՝ կարծում եք, որ ռազմավարական գործընկերոջից ոչ մի բնույթի աջակցություն պետք չէ՞ ակնկալել։

– Ռուսաստանը միշտ է օգնում, հանդես գալիս, բայց սա այն դեպքն է, որ Ռուսաստանը զուսպ է իրեն դրսևորում, քանի որ ցանկացած միջամտություն Ռուսաստանի կողմից՝ «այս եռացող կաթսա»–ում կարող է հանգեցնել պատերազմի Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի միջև, այստեղ կաթսան շատ թեժ է, ուստի Ռուսաստանին մեղադրելը ևս շատ բարդ է և ոչ արդար։

Հայաստանը պետք է կարողանա իր ռազմական խնդիրը կատարել, ետ մղել թշնամուն, կապ պահպանել Ռուսաստանի հետ, ինչպես նաև հանդես չգալ Ռուսաստանի դեմ ոչ թե այնպես, ինչպես վերջերս մի հիմար վերցրել էր պաստառը, կանգնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով հեռացնել ՀՀ-ից ռուսական բազան։ Ես կասեմ, որ բազան Հայաստանից ցանկանում են հեռացնել Թուրքիան և Ադրբեջանը, նաև ԱՄՆ-ը, որպեսզի այդտեղ Ռուսաստանն ընդհանրապես ներկա չլինի։ Այդ միջադեպին պետք էր արձագանքել, իսկ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին։

Ավելին, չգիտես՝ ինչու, ՀՀ իշխանությունները փակել են ռուսական հեռուստաընկերությունները, իբրև թե չգիտես, թե ինչ քարոզչություն է տանում, իսկ հայ մարդը սկսում է դադարել ռուսերեն խոսել, գալիս է Ռուսաստան աշխատելու և գաղափար անգամ չունի՝ ինչ է «բարև»-ը, «բարի լույս»-ը և «բարի օրը»։ Այսինքն՝ մեր կողմից ևս զզվելի երևույթներ են եղել, իսկ դա սառեցնում է, այսինքն՝ այս ամենը պետք է դիտարկել բազմակողմանիորեն։ Իմ հոգին ցավում է բոլորի համար, պետք է արդարություն լինի։

– Դատելով առաջին օրերի հայկական գործողություններից, ըստ Ձեզ, որքանո՞վ արդյունավետ կլինի հայկական պատասխանը ադրբեջանաթուրքական հարձակմանը։

– 1990-ական թթ․ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա, որպեսզի ստանա Ղարաբաղը, քանի որ Ղարաբաղն ինքնորոշվել էր, և նրանք ներկայացնում էին, թե հայկական բանակը գրավել է Ղարաբաղը։ Այսօր նաև Էրդողանն է ասում, որ հայերը գրավել են Ղարաբաղը, այնինչ ղարաբաղցիները ձևավորել են պաշտպանական ստորաբաժանումներ և պաշտպանել սեփական ընտանիքներին ու երեխաներին, իսկ հետո ՄԱԿ ԱԽ-ն բանաձևեր ընդունեց, որ հայերն օկուպացրել են տարածքներ, իսկ ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն վայրը, որտեղ ապրում են, սեփական տունը։

Ղարաբաղում կա 20 հազարանոց բանակ, ՀՀ վարչապետի խոսքով, իսկ ՀՀ ԶՈՒ-ն ձևավորվեց իմ կողմից 1993 թվականի սկզբին, 1992 թվականին ինձ Հայաստան հրավիրեցին Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը՝ ստեղծելու համար զինված ուժեր, ես ստեղծեցի կոնցեպտ և սկսեցի ձևավորումը զինված ուժերի, բայց միայն ես չեմ ձևավորել, այլ բազում ընկերների հետ միասին, հրաժարվեցի նախարարական պաշտոնից և զինված ուժերի հրամանատարը դարձա, և մենք ստեղծեցինք 1993 թվականի սկզբին զինված ուժերը։

Այդ ժամանակ ո՞վ էր ազատագրում Ղարաբաղը, ոչ թե հայկական բանակը, այլ Ղարաբաղի ազատագրական բանակը։ Կամ ասում են՝ ռուսներն են օգնել, ոչ մի ռուս չի եղել, բանակ չի եղել, չի ճանաչել, ղարաբաղցիներն իրենք են իրենց ազատագրել, արդեն հետագայում, երբ բանակը ստեղծվեց, մենք կանգնեցինք սահմանին, որպեսզի թույլ չտանք նրանց հարձակում, քանի որ Ալիևի գաղափարն էր Ղարաբաղի, Զանգեզուրի գրավումը, Նախիջևանի հետ միացումը և այդ դիրքերով դեպի Երևան հարձակումը։

Այդ պատճառով Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը խելացի էին, ուշ, բայց որոշում կայացրին ձևավորել սեփական զինված ուժերը, որպեսզի գոնե Հայաստանը պաշտպանեն։ Ռուսաստանը կարող է համաշխարհային մասշտաբով քաղաքական որոշում կայացնել զրոյացնել Մոսկովյան պայմանագիրը, կլինի խաղաղություն և հանգստություն։

Այս ամենում մեղավոր է նախկին բոլշևիկյան Ռուսաստանը, իսկ այսօրվա Ռուսաստանի վրա բոլոր կողմերից են հարձակվում, և այս իրավիճակում, եթե Ռուսաստանը սկսի կտրուկ շարժվել, այնտեղ այնպիսի պատերազմ կլինի, Ռուսաստանը զորավարժություններ է իրականացնում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ, որովհետև զգում է, որ Թուրքիան քիչ-քիչ Հայաստանի միջոցով մոտենում է Կովկասին, և այնտեղ կարող է ողջ Կովկասն «այրվել»։ Ուստի հայկական զինված ուժերն իրենց խնդիրը պետք է իրականացնեն և կիրականացնեն։

Տեսանյութեր

Լրահոս