
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ

168.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց տեղեկությունը և հավելեց, որ որոշումը եղել է պատերազմի սկսվելուց անմիջապես հետո.
«Շատ մանրամանսեր չկան. այսօր նշանակված էր դատական նիստ Սահամանադրական կարգի ենթադրյալ տապալման մասով, որին ինքը պետք է մասնակցեր: Սակայն առավոտյան երևի դատարանը չէր կողմնորոշվում՝ նի՞ստն է կարևոր, թե՞ մնացած հարցերը, որ կան երկրում: Վերջին պահին որոշեցին նիստ չանել, իսկ նախագահն արդեն որոշել էր մեկնել Արցախ, ուղղակի այս նիստի հանգամանքն էր խոչընդոտում: Եվ հիմա այս րոպեներին կամ արդեն մեկնել է, կամ շուտով կմեկնի. արդեն շարժվում են դեպի Արցախ»:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահը ավելի վաղ հանդես էր եկել կոչով.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։
Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»: