«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ ամեն ինչ անում է, որ կողմերը վերադառնան բանակցային գործընթացին». ՌԴ դեսպան

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցում է Հանրային խորհրդի նիստին: Մինչև նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում դեսպանն ասաց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ ամեն ինչ անում է, որ հակամարտող կողմերը վերադառնան բանակցային գործընթացին:

«Պաշտոնական բոլոր մեկնաբանությունները տրված են: Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է, որ կողմերը հրաժարվեն հակամարտությունից: Մեր դիրքորոշումը պարզ է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, կողմերը պետք է վերադառնան բանակցությունների գործընթացին: Հարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: ՌԴ-ն  ավանդականորեն իր առաջադրանքն է համարում՝ թույլ չտալ սրացումներ, որպես միջնորդ՝ ստեղծել պայմաններ, որ գտնվի երկկողմանի ընդունելի որոշում, խաղաղ կարգավորման որոշում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ ամեն ինչ անում է, որ ներկա դրությունը, սրացումը դադարեցվի, կողմերը վերադառնան բանակցային գործընթացին, ինչպես նաև թույլ չտան ապակայունացնող ազդեցություններ»,- ասաց Կոպիրկինը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշեց, որ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և կապի մեջ է բոլոր կողմերի հետ:  Լրագրողներից մեկի հարցին, թե ՀԱՊԿ-ը պատրաստվո՞ւմ է ինչ-որ քայլեր ձեռնարկել, քանի որ Ադրբեջանն արդեն հրետակոծում է Հայաստանի սահմանները, Կոպիրկինը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն արդեն հայտարարություն արել է, որ կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս