«Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով». ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ Արցախի հարցին վերաբերող մի հատված՝ գրելով. «Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան»:
Տեսանյութում հարցազրուցավարը հիշեցնում է «Հաքքինազի»-ի աղմկահարույց հրապարակումը՝ հավելելով. «Ձեզ մեղադրում են այն հոդվածով, այսպես ասած, որ Դուք գաղտնի բանակցել եք Ալիևի հետ, էմիսարներ եք ուղարկել, իսկ Դուք միշտ ասել եք, որ թափանցիկ եք աշխատում Արցախյան հարցում և բոլոր հարցերում, և երկրորդ՝ Դուք այնտեղ բանակցում եք փուլային տարբերակ, պայմանավորվել եք շրջաններ հանձնել. Ձեր մեկնաբանությունը»:
Ի պատասխան՝ վարչապետը հայտնում է. «Ես վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին և ասացի, որ եթե որևէ տեղ՝ մի նույնիսկ երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի: Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել:
Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում՝ հեղափոխությունից հետո, ունեցել է երկու անձ. մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես, որևէ երրորդ անձ որևէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, և դա կատարյալ անհեթեթություն է:
Ընդգծեմ, որ ևս մի պաշտոնյա՝ ԱԱԾ տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել՝ Ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում իմ և Ադրբեջանի նախագահի միջև, բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու, և դա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է»:
Անդրադառնալով իր հայտարարությանը, այսպես կոչված, «կոնֆիդենցիալ տեղեկատվության» մասին, վարչապետը նշեց.
«Ես այդ հրապարակումն առաջնայինը չի, որ նկատի եմ ունեցել՝ որպես «կոնֆիդենցիալ» տեղեկատվություն, և կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, ես հիմա, կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել»:
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Դուշանբեում ինքը ժամանակ է խնդրել, նույն հանդիպումից փակագծեր բացեց և հակադարձեց.
«Դուշանբեում երբ որ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադար ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանը և Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա:
Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ, վերլուծելով, հասկանում ենք, որ միակ տարբերակն էդ է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրա հետ: Եվ հիմա էստեղ կարծում եմ, որ կարելի մի շատ կարևոր նյուանս բացել, թե ո՞վ է ում իրականում խնդրանքով դիմել Դուշանբեում:
Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. Եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Այնպես ստացվեց, որ (մի շարք հանգամանքների բերումով՝ դրանից առաջ էլ) ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, և Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ. ինչո՞ւ՝ շատ պարզ պատճառով՝ որ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավելևս՝ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական կայքերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»:
Ալիևը ձեզ անձա՞մբ է խնդրել՝ ճշգրտող հարցին ի պատասխան՝ վարչապետը նկատեց. «Այո, և Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա, բլոկնոտի վրա, և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք եկանք համաձայնության:
Ես գո՞հ եմ, որ էդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե ոչ՝ այո, որովհետև նախ՝ Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդը՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ:
Բայց էստեղ ամբողջ կոնտեքստն ինչի՞ մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական էդ խառը իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա:
Իրականում հակառակն է, և այդ ժամանակաշրջանում Ալիևը ո՛չ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ո՛չ էլ ուրիշ բաներով. նա մտահոգված էր մի՛ հարցով, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի: Ե՛վ այս փաստը, և՛ հետագա փաստերը, ի վերջո, գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց, և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»: