Ես բնավ չեմ բացառում, որ գործի դրվի նաև մեր «Իսկանդերը». Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՄՓՈՓՈՒՄ (ՕՐ 1)
1. Ավարտվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը։ Վերջինս հաստատեց այս պահի դրությամբ մեր դիրքային կորուստների փաստը՝ ՇԱՏ ՃԻՇՏ նկատելով, որ անիմաստ է այս պահին հերթական անգամ (ինչպես 2016 թ․ ապրիլյանի դեպքում) մխրճվել այդ դիսկուրսի մեջ։
2. Ճիշտ էր շեշտադրումը, որ լրջագույն գործոն է այս պատերազմում նաև Թուրքիան․ ակնհայտ է, որ Ադրբեջանին վստահություն ու թևեր է տալիս թուրքական ներկայությունը։
3. Ադրբեջանն ու Թուրքիան այն աստիճանի են լարել իրավիճակը, որ անգամ եթե հենց հիմա ռազմական գործողություններն ավարտվեն՝ ադրբեջանական կողմում թողնելով 2016 թ․ ապրիլյան պատերազմում նվաճած դիրքերի քանակությամբ դիրքեր, ապա դա կնշանակի ալիևյան ամբողջ ավանտյուրայի կրախը։
4. Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է ռազմական գործողությունները՝ երկու հիմնական ուղղությամբ՝
ա) շարքից հանել վարդենիսյան և խնձորեսկյան ճանապարհները, ապա իրականացնել դասական խիտ զրահատանկային ներխուժում (массированное бронетанковое вторжение) դեպի Արցախի տարածք;
բ) օդային ներխուժմամբ էական վնաս հասցնել Արցախի ենթակառուցվածքներին՝ ինչպես և 1992 թ․-ին նպատակ ունենալով դատարկել երկրամասը։
5. Իրավիճակն ամբողջությամբ անկանխատեսելի է, ես բնավ չեմ բացառում, որ գործի դրվի նաև մեր «Իսկանդերը»՝ դրանից բխող անհամաչափ հետևանքներով…»: