Տեղեկատվության անվտանգության մասնագետը ենթադրում է, որ լրատվական կայքերը կոտրել են ավելի վաղ
Մի քանի ժամ է, ինչ հայկական տարբեր լրատվամիջոցները հաքերային հարձակման են ենթարկվում ադրբեջանական խմբերի կողմից:
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ ենթադրում է, որ կայքերը կոտրել են ավելի վաղ. «Որովհետև հնարավոր չէր՝ այսքան շտապ դնեին-կոտրեին՝ առավելևս կայքեր են, որոնք միշտ թիրախի տակ են եղել:
Տավուշի դեպքերում էլ տեսանք, որ իրենք, օրինակ,Gov. am-ը կամ Primminister.am–ը նախօրոք կոտրած ունեին և ռազմական գործողությունների ժամանակ դա ուղղակի ցույց տվեցին»:
Հարցին, թե ո՞րն է այն պարզ կանոնը, որին այս օրերին պետք է հետևի քաղաքացին ինտերնետում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարզ կանոնն այն է, որ մարդ պետք է ընտրի իր համար ոչ միայն պաշտոնական, այլև լրատվական մի քանի աղբյուր, որոնց վստահում է ու հետևի դրանց, օրինակ, եթե 168.am-ին վստահել է խաղաղ պայմաններում, հիմա էլ իր համար դա պետք է մնա այն աղբյուրը, որին շարունակում է հետևել»:
Տեղեկատվության անվտանգության մասնագետը նաև հորդորեց քննադատորեն մոտենալ տարածվող լուրերին: