Բաժիններ՝

«Նախնական տվյալներով, ավելի քան 50 բնակավայր է եղել թիրախի տակ, մի շարք ենթակառուցվածքներ տուժել են». ԱՀ ՄԻՊ

Այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թվերն աճում են:

«Քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված երկու զոհ կա, նախնական տվյալներով՝ 30-ից ավելի վիրավոր կա: Կարծում եմ՝ թիվն անընդհատ մեծանալու է»,- ասաց Բեգլարյանը:

ԱՀ ՄԻՊ-ը նշեց, որ նախնական տվյալներով, ավելի քան 50 բնակավայր է եղել թիրախի տակ, մի շարք ենթակառուցվածքներ տուժել են:

«Ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների թիրախի տակ են եղել բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին, Ասկերանը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, Քարվաճառը, Բերձորը: Բոլոր շրջկենտրոնները անխտիր հարվածի տակ են եղել: Այս պահի դրությամբ առնվազն մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուցվածների վնասվածնքեր կան Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ներառյալ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել, մեքենաներ, բազմաթիվ ենթակառուցվածքներ: Սրանք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ նպատակային և հասցեական կերպով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Այս բնակավայրերը, որոնց մասին նշեցի, շատ-շատ, բավականին հեռավորության վրա են գտնվում ռազմական օբյեկտներից և Ադրբեջանը չի կարող ասել, որ իրենք ռազմական օբյեկտներն են թիրախավորել: Այս առումով մենք փաստերն ամբողջությամբ ներկայացնելու ենք»,-ասաց Բեգլարյանը:

ԱՀ ՄԻՊ-ի պնդմամբ՝ այս գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կապտագույն խախտումներ են և այդ խախտումները պետք է պատշաճ գնահատական ստանան միջազգային հանրության կողմից:

«Այդ խախտումները պետք է պատշաճ գնահատական ստանան և՛ խոշոր պետությունների, գերտերությունների, և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ միջկառավարական, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Իմ կոչն է, միջազգային հանրությանը, որ առանց աչք փակելու, հստակ կերպով արձանագրեն այս խախտումները և իրենց բոլոր լծակներով ազդեն հակառակորդի՝ Ադրբեջանի վրա, որ վերջ տան մարդու իրավունքների զանգվածային խախտումներին»,- ասաց Բեգլարյանը:

Նա վստահություն հայտնեց, որ մեր հայկական զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը իրենցից կախված ամեն բան անում են, ամուր կանգնած են դիրքերում:

«Բայց այս ռազմական գործողությունները երկու կողմերի համար հումանիտար մեծ աղետի պատճառ կարող են դառնալ, այդ աղետն այսօր սկսվել է»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը և հավելեց, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված բոլորը ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ պատերազմական գործողությունները դադարեն:

Արտակ Բեգլարյանը վստահեցրեց՝ այս պահին էլ կան ապացույցներ, որ Ադրբեջանը նախահարձակ է եղել, որքան էլ հակառակորդը փորձի հակառակը պնդել: ԱՀ ՄԻՊ-ը կոչ հղեց միջազգային իրավապաշտպան կառույցներին.

«Բավարար է, որ քաղաքականացված հիմքերով չեք ցանկանում անդրադառնալ Արցախի Հանրապետությանը և ԱՀ-ում ապրող մարդկանց իրավունքներին, չեք ցանկանում այցելել Արցախի Հանրապետություն: Նաև այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն ազատ է զգում՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացնելու ճանապարհին: Բոլոր իրավապաշտպան, իրոք իրավապաշտպան կազմակերպություններն օր առաջ պետք է այցելեն Արցախ և իրենց առաքելությունը իրականացնեն ու միջազգային հանրությանը ներկայացնեն, թե ի՞նչ է կատարվում: Սա ընդհանրապես քաղաքական հարց չէ, սա ամբողջությամբ  մարդու իրավունքների հարց է, ու միջազգային հանրությունը պատասխանատվություն է  կրում այս խախտումների համար, քանի որ աչք են փակել առ այսօր, ներառյալ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումների հանդեպ»,-ասաց Բեգլարյանը:

Նա իրավիճակը ներկայացրեց և իր կոչն արեց նաև անգլերեն լեզվով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս