«Հույսը դնում ենք մեր վրա, բայց մենք չունե՞նք ստրատեգիական գործընկերներ, ինչ-որ ալյանսի մեջ չե՞նք». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ իր ելույթում անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի  սանձազերծած ռազմական ագրեսիային հարց ուղղեց․

«Մինչև այս մենք սպասո՞ւմ էինք, այո, սպասում էինք և սպասում էինք ամեն օր, սպասելո՞ւ ենք հետո, իհարկե սպասելու ենք։ Այն, որ մենք միասնական բռունցքված ենք, դրա մասին խոսք չկա,  չկա հայ, որը պատրաստ չլինի զոհվելու՝սխրանքներ գործելով։ Սխրանքներ գործելով արժե զոհվել, բայց մենք պետք է շարժվենք առաջ և հարցերին լուծում տանք հետևյալ կերպ»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Նա հիշեցրեց, որ երբ խորհրդարանում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված փակ քննարկում էր, ՀՀ արտգործնախարարին հարց են ուղղել, թե ժամանակը չէ կնքելու ռազմաքաղաքական դաշինք Արցախի հետ։

«Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ ռազմաքաղաքական դաշինքը պատրաստ դրված է, կյանքը ցույց կտա, եթե այդ ագրեսիան շարունակվեց, անպայման դա անելու են, բայց դա այդպես մնաց։ Հիմա տեսեք, այն, որ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անենք, պետք է անենք, բայց ո՞վ է լուծելու Արցախի հարցը, նրա՞նք են լուծելու, մենք ենք չէ լուծելու, մեր հույսը դնում ենք ամբողջ հայ ժողովրդի վրա։ ԵԽԽՎ հարթակներում ես լինում եմ, հենց հայկական պատվիրակությունը խոսում է,  ադրբեջանական պատվիրակության մի մասը վեր է կենում ու դուրս գալիս։ Հիմա կա՞ շանս լուծելու հարցը, թե՞ չկա։ Մարդ կա, պաշտոնյաներ, որոնք ասում են, թե Արցախի հարցի լուծումը, նրա չլուծման մեջ է, այսինքն՝, որքան չլուծենք, այդպես կգնա, սերունդները կգան, տնտեսապես կհզորանանք և այլն՝ ոչ ես այդ թեզի հետ համաձայն չեմ»,-շեշտեց պատգամավորը։

Նրա կարծիքով՝ ռազմաքաղաքական դաշինք կնքել, նշանակում է, որ ամբողջովին լեգալացնել հարաբերությունները Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր լինելու կոնտեքստում, սակայն դա չի կարող լինել արդյունավետ, եթե Հայաստանը չսկսի Արցախի անկախության ճանաչման գործընթացը։

«Բոլոր փաստարկները պետք է դնել և ամբողջ ժողովրդով այդ որոշումը պետք է կայացնենք։ Բոլոր ռիսկերը, փաստարկները մենք գիտենք, թե ինչ կլինի, Թուրքիան չգիտեմ ինչ կլինի, Թուրքիան Նախիջևանում զորքեր է մտցրել, բա մենք որտե՞ղ ենք, ներողություն, իսկ մենք ո՞ւմ հետ ենք։ Կրկնում եմ՝ հույսը դնում ենք մեր, մեր ժողովրդի վրա, բայց մենք չունե՞նք ստրատեգիական գործընկերներ, ինչ-որ այլանսի մեջ չե՞նք, իհարկե, այո։ Այսինքն՝ այս ամենը բերում է, որ այդքան էլ միաբևեռ չէ, որ մենք կարող ենք շատ զգուշությամբ, անընդատ ռիսկեր, փաստարկներ դնելով… Ես միշտ ապրիլյան պատերազմից հետո մտածել եմ, թե հաջորդ անգամ նման ագրեսիա երբ է սկսվելու, միշտ սպասել ենք, չորս տարի տևեց։ Այս ընթացքում իհարկե ունեցել ենք տարեկան զոհեր, բայց կարո՞ղ է այդ ամենը նորից շարունակվի, իհարկե կարող է»,-հավելեց Մ. Մելքումյանը։

Եզրափակելով խոսքը, Միքայել Մելքումյանն ասաց, որ այժմ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ և ՀՀ նորանկախ պատմության մեջ եղել է երկու –երեք դեպք և եթե այժմ հապաղեն և ցուցաբերեն զգուշություն, ապա կարող են հետագայում մեծ կորուստներ ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս