
Բնակավայրեր գրավելու մասին ադրբեջանական լուրերը ապատեղեկատվություն են. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

Ադրբեջանական մամուլը գրել էր, որ իրենց զինված ուժերը գրավել են 6 հայկական գյուղեր: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը հերքում է հակառակորդի տարածած լուրերը:
«Քիչ առաջ տարածված այն տեղեկատվությունը, որ, իբր թե, մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա: Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը»,-ասաց Պողոսյանը:
Նա հիշեցրեց, որ առավոտյան Արցախի նախագահը ռազմական դրություն և զորահավաք է հայտարարել երկրում:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: