Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Մեր կողմից մի չորս դիրք կորուստ կա, բայց վերականգնման հնարավորություն էլ կա․ Սամվել Բաբայան
Վաղ առավոտից արցախա-ադրբեջանական սահմանին, ըստ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի, ընթանում է ինտենսիվ մարտ: Քիչ առաջ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրում հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք:
«Տղամարդկանց կոչ եմ անում մի մարդու նման հավաքվել, չհասցնել նրան, որ տուն-տուն մտնեն, հավաքեն: Ուղղակի խնդրում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը:
Հայտնի է, որ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանոմ ՝ մեկ կին և մեկ երեխա: Խոսելով զինվորականների շրջանում զոհերի մասին, ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն ասաց.
«Իմ մոտ եղած տեղեկություններով` մի 10 հոգի զոհ ունենք, զինվորականի մասին է խոսքը»:
Բաբայանը նշեց, որ օրվա ավարտին կհայտարարեն զոհերի հստակ թվի մասին: ԱԽ քարտուղարը հայտնեց, որ ադրբեջանական կողմում կան մեծ թվով զոհեր, նաև տեխնիկայի կորուստ:
Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի մի շարք վայրերում, Բաբայանի խոսքով, բնակչությունը տարհանված է:
«Մեր կողմից մի չորս դիրք կորուստ կա, թեթևակի, բայց վերականգնման հնարավորություն էլ կա»,-նշեց Սամվել Բաբայանը՝ նշելով, որ բնակավայր չեն կորցրել: