«Իշխանությունների քայլերն ապացուցում են, որ նրանք վախեցած են սպասվող հանրահավաքից». Լիաննա Մանուկյան
«Մեզ համար անակնկալ չէր, որ պարոն Ծառուկյանը պետք է կալանավորվի, մեր կողմից դա սպասելի էր, որովհետև երբ հունիսի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ քաղաքական խորհուրդը և պարոն Ծառուկյանը հայտնի հայտարարությունն արեց, դրանից հետո իշխանության կողմից սկսվեցին քրեական գործեր հարուցվել, ֆեյքերի գրոհներ եղան, և այդտեղից պարզ էր, որ հասնելու ենք սրան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 8-ի սպասվող հանրահավաքը տեղի է ունենալու:
«Քանի որ մեզ համար անակնկալ չէր սա, և մենք սպասում էինք, որ պարոն Ծառուկյանին պետք է կալանավորեն, դրա համար յուրաքանչյուրը մեր պատգամավորներից ունի իր հանձնարարականը, գիտի իր հետագա քայլերը»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ հանրահավաքն ավելի շուտ տեղի ունենա:
«Ցավոք, մեր երկրում ամեն բան հնարավոր է, բայց այս պահին նման ինֆորմացիա չունեմ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանությունները հանրահավաքից վախենալու բան ունեն. «Նրանց քայլերն ապացուցում են, որ նրանք վախեցած են հանրահավաքից: Կարող եմ ասել, որ ամսի 4-ին տեղի ունեցող քայլերթը, որը կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, նա փորձում է իր ուժերը ստուգել: Ես վստահաբար ասում եմ, որ ներկա իշխանությունները չունեն նախկին վստահությունը, բայց կարծում եմ՝ պարոն Փաշինյանի քայլերթին կմասնակցեն այն մարդիկ, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցնում կամ ունեն նմանատիպ ծանոթներ. վարչական լծակներ կկիրառվեն»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է . «Պարոն Ծառուկյանը իմ չափ, ինձ հավասար նախորդ տարի ստացել է պարգևավճար, հիմա հեշտ է, չէ՞, կանգնել ժողովրդի առաջ, նայել աչքերին ու ասել՝ ա՛յ հարգելիներս, «պարգևավճա՛ր, պարգևավճա՛ր», և դա ասելուց հետո գնալ 3 միլիոն դոլար արժողությամբ մահճակալին պառկել և քնել։ Ասենք՝ ավտոտնակում ունենալ մի քանի հազար ընտանիքի 1000 դոլարներ բաժանելու չափով՝ փոշին վրան դրած մեքենաներ, ու ասել՝ ժողովո՛ւրդ ջան, դուք սոված եք, որովհետև ձեզ 1000 դոլարներ չեն տալիս»:
Իշխանական պատգամավորի այս գնահատականների վերաբերյալ Լիաննա Մանուկյանը հետևյալն ասաց. «Ընդամենը Սիսակ Գաբրիելյանին կհորդորեմ՝ համեմատվելուց առաջ ինչ-որ մեկի հետ՝ նախ հասկանա, թե ում հետ է ցանկանում համեմատվել: Ես կցանկանայի, որ Սիսակ Գաբրիելյանը պարոն Ծառուկյանի արածների գոնե 1 տոկոսն աներ այս երկրի համար և հետո կարողանար մեկի հետ համեմատվել: Սիսակ Գաբրիելյանը մինչև պատգամավոր դառնալը հասարակ լրագրող էր: Ես լրագրողների հանդեպ հարգանք եմ տածում, բայց երբ տեսնում եմ, որ մարդիկ իրենց մասնագիտական հմտություններն այլ կերպ են օգտագործում, և կոնկրետ Սիսակ Գաբրիելյանի հետ կապված՝ նրան այդքան էլ պարգևավճարը չի անհանգստացնում, ինչքան պարոն Ծառուկյանի 3 միլիոնանոց մահճակալը, որից, ցանկանում եմ, որ ինքը ունենա, ու երևի դա իրեն կզսպի իր արտահայտություններում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում