«Հաղթում է նա, ով ապավինում է խելքին, փորձին, ուժին ու ամենակարևորը՝ ազգային ոգուն և Աստծուն»․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում ասված է․

«Այսօր փառահեղ տոն է. 29 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախ պետականությունը վերականգնելու համազգային վճռականությանը՝ հավատով, որ ստեղծելու ենք ժողովրդավարական, տնտեսապես հզոր, անվտանգ ու մրցունակ պետություն։

Հայրենիքը, պետությունը և պետականությունը բարձրագույն արժեքներ են։ Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք՝ տեր կանգնելու մեր ինքնությանը և պահպանելու մեր տեղն ու դերը աշխարհի քարտեզի վրա։ Իսկ անկախ պետականությունը և ազգային ինքնությունն ընդամենը բարեհունչ բառակապակցություններ են, եթե դրանց ողնաշարն անառիկ սահմանը չէ, համախմբված, խոհեմ ժողովուրդը, ամրակուռ ու մարտունակ բանակը, անսասան եկեղեցին, անխոցելի լեզուն և մշակույթը, ամուր ընտանիքը։ Բավական է դիպչել ազգապահպան այս շղթայի օղակներից թեկուզ մեկին, որպեսզի վտանգենք այն, ինչ ձեռք ենք բերել դարավոր պայքարի և սրբազան հողի համար զոհաբերված կյանքերի գնով։

Սեպտեմբերի 21-ը ոչ միայն անցած ճանապարհը վերաարժևորելու, վրիպումները դիտարկելու, ձեռքբերումներով հպարտանալու, այլև խոնարհումի օր է։ Սա այն օրն է, երբ պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայրենիքի՝ նաև արցախյան սահմաններն իրենց արյամբ անխոցելի պահած մեր հերոսների հիշատակին, որոնցից շատերը չէին հատել այսօրվա անկախ Հայաստանի տարիքի շեմն անգամ։

Երիտասարդությունն այն տարիքն է, երբ ուզում ես, կարողանում ես և համարձակվում ես։ Եվ այո՛, պետք է օգտվել տարիքի առավելություններից։ Սակայն խոհեմ սերնդին է բնորոշ իմաստունին լսելու, փորձառուի կարծիքը հարցնելու, շրջահայացի խորհուրդները հաշվի առնելու քաջությունը։ Սնապարծությունն ական է, արատ, որը կործանում է նրան, ով նվաստացնում է իրենից խելոքին, փակում ականջները քննադատության առջև, սեփական գործողությունները չի վերլուծում և ամենակարևորը՝ ժամանակին կանգ չի առնում։

Որքան ազգանվեր, լրջախոհ ու պատասխանատու կառավարումը կարող է լինել փրկարար, նույնքան ապազգային, անփույթ ու իմաստակին վայել վարքագիծը կարող է լինել կործանարար։ Իսկ մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով։ Թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք։

Հաղթում է նա, ով ապավինում է խելքին, փորձին, ուժին ու ամենակարևորը՝ ազգային ոգուն և Աստծուն։ Իսկ Աստված օրհնում է արդարի ճանապարհը։

Շնորհավո՛ր, Անկա՛խ Հայաստան։

Շնորհավո՛ր, Անկա՛խ Հայաստանի քաղաքացի։

Շնորհավո՛ր, աշխարհասփյու՛ռ հայություն»։

Տեսանյութեր

Լրահոս