Բաժիններ՝

Ջրվեժի 2-րդ թաղամասում մի կողմից՝ լույսերն են  տատանվում, մյուս կողմից՝ ջուրն են 3 ժամով տալիս

Ջրվեժի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի 33 տան բնակիչ Արա Ասասյանը հուլիսից տեղափոխվել է բնակվելու սեփական տներից մեկում, և այդ օրվանից խնդիրները հաջորդել են մեկը մյուսին: Պարզվել է՝ լույսն անընդհատ տատանվում է, ջուրը երեք ժամ են տալիս, փողոցում չկա լուսավորություն:

«Լույսը  որ միացնում ես՝ թրթռում է, զանգել եմ  տեսուչին, ներկայացրել վիճակը՝ ասելով, որ կվառվի, եթե այսպես մնա, պատասխանել է, թե ոչ մի բան չի լինի: Հուլիսի 22-ին գնացի խոհանոց՝ տեսնեմ դզզոց է գալիս, ու սառնարանը չի աշխատում: Զանգահարեցի 1-80, ասացի, որ նման բան է կատարվում, հորդորեցին դիմում գրել: Գրեցի, սակայն պատասխան չեկավ. հետո դիմեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, պատասխանեցին, որ հարցը լուծվելու է դատարանի  միջոցով: Այսինքն՝ դատական գործընթացը, որ տարիներ կարող է տևել, այդքան ժամանակ պետք է սառնարան չունենանք, կենցաղային տեխնիկան վախենանք միացնել, և այլն: Հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 18-ը 1-80 եմ զանգել, միշտ պատասխանում են՝ հետ կզանգենք, ու չեն զանգում: Դիմում եմ գրել և՛ սառնարանի փչանալու, և՛ հոսանքի տատանման վերաբերյալ: Մեկը չի գալիս նայի, երևի գիտեն, որ տատանում կա: Դիմել եմ նաև Կոտայքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, կրկին ոչ մի արձագանք»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց քաղաքացին:

«Լսել եմ՝ 2028 թվականին նոր ցանց պետք է սարքեն, բա մինչև այդ թիվը  մենք ի՞նչ պետք է անենք: Բացի լույսերի տատանումից, թաղամասն այլ խնդիրներ ևս ունի. ջրամատակարարումը 3 ժամ է: Հանձնաժողովից ասում են, թե 24 ժամ է ջրամատակարարումը: «Վեոլիա ջուր» եմ զանգել, ասում են՝ ջրի պոմպը կվառի, եթե երկար տանք, թե բա՝ խողովակի մեջ 24 ժամ ջուր կա, ասում եմ՝ դա կապ չունի, բնակչին պետք է հասնի դա: Ի դեպ, ջրի խողովակները պլաստմասսե են և  կտրված: Նաև կա փողոցների լուսավորության խնդիրը»,- հավելեց Ջրվեժ 2 թաղամասի բնակիչը:

Խնդրի վերաբերյալ Կոտայքի մարզպետարանից հայտնեցին, որ խնդիրը խորությամբ հասկանալու համար անհրաժեշտ է հստակեցնել հասցեն, սակայն բոլոր, այդ թվում և՝ Ջրվեժ համայնքը,  գտնվում է Կոտայքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում:

Հայտնեցին նաև, որ համայնքում, մասնավորապես, մի շարք թաղամասերում, ցավոք, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն և մարզպետարանի ուշադրության կենտրոնում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս