Սետյենը և նրա աշխատակազմը դատական հայց կներկայացնեն «Բարսայի» դեմ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մտադիր է դատի տալ կատալոնական ակումբին:
Հայտնի է դարձել, որ «Բարսան» ժամանակից շուտ խզել է պայմանագիրը մասնագետի հետ, և նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կկարողանա Լա լիգայի առաջին տուրում թիմը գլխավորել պահեստայինների նստարանից:
Լուրից հետո Սետյենն իր և իր աշխատակազմի անունից հայտարարություն է տեղադրել Twitter-ում:
««Բարսելոնայի» տնօրենների խորհրդի մեկամսյա լռությունից և մեր կողմից տարատեսակ խնդրանքներից հետո՝ միայն երեկ էր, որ մենք վերջապես ստացանք առաջին պաշտոնական հաղորդագրությունները բյուրոֆաքսի միջոցով:
Ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ղեկավարությունը հստակ մտադրություն չունի պահպանել 01/14/2020 աշխատանքային պայմանագրերը:
Իմ՝ Կիկե Սետյենի դեպքում, հրապարակավ և լավ հայտնի է, որ օգոստոսի 17-ին և՛ ակումբը, և՛ նախագահը հայտարարեցին իմ հեռացման մասին: Բայց միայն սեպտեմբերի 16-ին (մեկ ամիս անց) առաջին անգամ նրանք ինձ գրավոր հաղորդագրություն ուղարկեցին նշված աշխատանքից ազատելու մասին (առանց հաշվարկի):
Ինչ վերաբերում է մարզչական շտաբի մնացած անձնակազմին, ապա նրանք նույնպես երեկ, ի զարմանս մեզ, տեղեկացան ապագա փոփոխությունների մասին:
Վերոհիշյալ բոլոր երևույթների պատճառով մենք ստիպված եղանք հակամարտության լուծումը վստահել մեր փաստաբաններին՝ համապատասխան դատական հայցեր ներկայացնելով:
Մենք նման քայլի դիմեցինք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և հասնենք այն բանին, որը ժամանակին համաձայնեցված էր «Բարսելոնայի» հետ»,- ասվում է Սետյենի հայտարարության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան