Բաժիններ՝

Մոցարտի երաժշտության ներքո Երևանի բակերից մեկում կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի գործերը

«Մոցարտը քաղաքում». այս խորագրով միջոցառման շրջանակում կմիավորվեն մեծանուն կոմպոզիտորի երաժշտարվեստն ու հայ ժամանակակից նկարիչ Արթուր Հովհաննիսյանի Forms And Reflections շարքի ուրբանիստական աշխատանքները: Համերգ-ցուցահանդեսը, որին մասնակցելու են Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ջութակահար Արամ Ասատրյանը, ալտահար Մերի Դոլմազյանն ու թավջութակահար Վահե Դանիելյանը,կանցկացվի սեպտեմբերի 23-ին «Լոֆթ»-ի բակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանն ասաց, որ վաղուց էին մտադիր համագործակցել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համավարակի տարածման պայմաններում նվագախումբը չի կարող համերգներով հանդես գալ մեծ տարածքներում, և ես առաջարկեցի մեր բակում հյուրընկալել նվագախմբի երաժիշտներին, իսկ ինչո՞ւ «Մոցարտը քաղաքում», քանի որ Արթուր Հովհաննիսյանի բոլոր աշխատանքներն ուրբանիստական ոճով են: Դրանցում պատկերված է Երևանի տրանսպորտը՝ ավտոբուսները, տաքսիները և այլն»,-պատմեց Միրզոյանն ու հավելեց, որ կտավները հետաքրքիր լուսավորության ներքո ներկայացվելու են բարձրահարկ շենքերի պատերին:

Անդրադառնալով Մոցարտին`նա ընդգծեց, որ ավստրիացի կոմպոզիտորը ժամանակակից կյանքում ունի իր ուրույն տեղը, և այս բացօթյա միջոցառմամբ իրենք կոտրում են այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը պետք է ունկնդրել ակադեմիական օջախներում՝ համերգասրահներում, թանգարաններում և այլն: «Ուզում ենք ասել, որ այդ հրաշալի երաժշտությունը կարելի է վայելել բացօթյա հարթակում: Այդպես այն կարող է հետաքրքրել նաև այն մարդկանց, որոնք երբևէ չեն եղել համերգասրահում ու չեն ունկնդրել Մոցարտի ստեղծագործությունները: Ի վերջո` բակը յուրաքանչյուր մարդու համար շատ հարազատ տարածք է, քանի որ բակից հետո տունն է: Այս համերգով և ցուցահանդեսով Մոցարտին մոտեցնում ենք մարդուն, չէ՞ որ նա գալիս է բակ»,-շեշտեց «Լոֆթ»-ի ստեղծագործական ղեկավարը:

Երեկոյին կհնչեն Մոցարտի Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (դո մաժոր K285b), Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (ռե մաժոր K285) և Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (լյա մաժոր) ստեղծագործությունները:

Միրզոյանը վստահեցրեց, որ հակավարակային անվտանգության և սոցիալական ապահով հեռավորությունը չխախտելու բոլոր կանոնները պահպանվելու են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս