Ինչպե՞ս և ինչո՞ւ ցատկել սեփական թիմի գլուխների վրայով
Շախմատում առաջին քայլերը կատարող յուրաքանչյուրին սովորեցնում են, որ ձին միակ խաղաքարն է, որը կարող է ցատկել ուրիշ խաղաքարերի վրայով (ինչպես սեփական, այնպես էլ՝ հակառակորդի)։ Ձիու կողմից գրոհվելու (շախի) դեպքում էլ մրցակցի արքան չի կարող ծածկվել ոչ մի խաղաքարով։
Սա ուղղակի հիշենք ու փաստենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս ճշմարտությունն ինչ-որ մեկը լավ սովորեցրել էր, և վերջինս, հաջողությամբ ցատկելով սեփական խաղաքարերի, այսինքն՝ հեղափոխությանն աջակից ուժերի, մասնավորապես՝ սորոսականների վրայով, կարողացավ վերջապես իրականացնել ձեռնասուն Սահմանադրական դատարան (ՍԴ) ունենալու իր վաղեմի երազանքը:
Այսինքն՝ շուրջ երկու տարվա «պայքարի», վատնված ռեսուրսների, սահմանադրական կարգի տապալման ու իշխանության յուրացման ծանր հանցակազմերի տակ մտնելու գինը Երվանդ Խունդկարյան-Արթուր Վաղարշյան-Էդգար Շաթիրյան եռյակին ՍԴ տանելն էր:
Այս ընտրությամբ իշխանական թիմը փաստեց կամ փաստի առաջ կանգնեց, որ տեսանելի ապագայում քրեական հետապնդման վտանգն աչքի առաջ ունեցել էր՝ զուտ «հին» Հրայր Թովմասյանին լրիվ «նոր» Երվանդ Խունդկարյանով, իսկ, օրինակ՝ Ալվինա Գյուլումյանին էլ՝ մաքրամաքուր ու անբիծ կենսագրությամբ Արթուր Վաղարշյանով փոխարինելու համար, այն Արթուր Վաղարշյանով, որը «կյանքի տղայի» իր «անկեղծ» պահվածքով այնքան համոզեց «Իմ քայլը» իշխող խմբակցությանը, որ ամենաշատ կողմ ձայները հենց ինքը ստացավ:
Շուրջ երկու տարի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու ներկայիս կազմից ազատվելու համար տարատեսակ խեղկատակությունների գնալը, քրեական գործեր հարուցելը, ընտանիքներին ներքաշելը, բազմաբովանդակ շանտաժներ անելը, այդ թվում նաև՝ սպառնալիքներն անձնական բնույթի տեղեկատվություն հրապարակելու, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի օրենքի տեսքով կաշառք առաջարկելը, «ճտիկով գրիչի» խայտառակությանը «հպարտորեն» դիմանալը, միայն «կորոնավիրուսային հրաշքով» սահմանադրական հանրաքվեից մազապուրծ լինելը ոչ մի օգուտ չտվեցին հայրենի իշխանություններին, և, ի վերջո, միայն օրենքի կոպիտ խախտումներով, առանց նախնական սահմանադրական վերահսկողության ու բացառապես Ազգային ժողովի (ԱԺ) քվեարկությամբ սահմանադրական փոփոխությունների գնով ՍԴ 3 դատավորներից ազատվելուց հետո երեկ վերջապես ավարտվեց «ՍԴ զավթում» օպերացիան:
Քանի որ «զավթել» բայը մեր քաղհասարակության սիրելի բայն է, հատկապես՝ «պետության զավթում» բառակապակցության օղակում, նրանք, թերևս, շատ ավելի լավ են հասկանում՝ ի՞նչ կատարվեց երեկ, ու հայկական սոցցանցային տիրույթի, մասնավորապես՝ սորոսական հատվածի՝ արդեն երկու օր չդադարող, շատ մեղմ ասած, խորը հիասթափություն ապրածներին բնորոշ սուր գրառումները հենց դրա վկայությունն են:
Հեղափոխության «փայատերերի»՝ հասարակական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների գրառումների հիմնական լեյտմոտիվը հետևյալն է՝ «մեզ խաբել են»: Տխուր է, իհարկե, բայց դա էլ իրենց ընտրությունն էր:
Փաշինյանական «ձիով քայլի» առանձնահատկությունը ու նրա՝ ՍԴ այս դատավորների ընտրության տրամաբանությունը, թերևս, կարելի է հասկանալ: Նա չէր կարող թույլ տալ, որ ՍԴ դատավորներն իր հեղափոխական թիմի անդամներից լինեն (թեպետ այդպիսի հավանական թեկնածուներ էլ, հանուն արդարության, նրա թիմում չեն էլ նշմարվում): Որովհետև եթե «Իմ քայլը» քվեարկեր խղճի մտոք, ու ՍԴ դատավորներ դառնային իսկապես ազատ կամարտահայտությամբ ընտրված մարդիկ, մի օր նրանք կարող էին անկախության նկրտումներ ունենալ ու դանդաղ գործողության ռումբ դառնալ Փաշինյանի ոտքի տակ:
ՍԴ՝ երեկ ընտրված դատավորների դեպքում այդ վտանգն ի սկզբանե չեզոքանում է: Մինչ քվեարկության փուլը նոնստոպ ռեժիմով անխնա քննադատվող, ստիպված ամենաանպարկեշտ հարցերին պատասխանող, ԱԺ դահլիճում մի քանի ժամ անխնա նվաստացումների ենթարկվող ու մեկ օր հետո մատի մի ցուցումով, մեկ հրահանգով առավելագույն կողմ ձայներով ՍԴ դատավորներ դարձած անձինք չեն կարող Նիկոլ Փաշինյանից բացի, այլ Սահմանադրություն ունենալ:
Այլ հարց է, որ ինքնասիրության հետ խնդիրներ չունեցող որևէ մեկը չէր կարող հանդուրժել այն «ինկվիզիացիան», որին ականատես եղանք բոլորս: Ու նկատենք, որ նրանց իրենց հարցերով ստորացնում էին մարդիկ, ում կրթական ցենզն ու պրոֆեսիոնալիզմը կիլոմետրերով հեռու էր թեկնածուների կրթական մակարդակից, պրոֆեսիոնալիզմից ու մասնագիտական պատրաստվածությունից: Բայց դա էլ է ընտրության հարց:
Բոլորովին այլ հարց է «նոփ-նոր» դատավորների բարոյականության խնդիրը, որովհետև, փաստորեն, մարդիկ ողջ այս պրոցեսի սահմանադրականության հետ կապված խնդիր չեն տեսնում, եթե համաձայնել են մասնակցել այս՝ ի սկզբանե ամոթալի գործընթացին: Եվ հարցն այստեղ ամենևին էլ չոր օրենքները չեն, այլ այն, թե ինչ ճանապարհով ազատվեցին այդ 3 աթոռները:
Եվ այսպես, ՍԴ կազմը համալրվեց, և հիմա հենց այս կազմն իր միջից պետք է ընտրի Սահմանադրական դատարանի նախագահին, ու ինչ-որ բան հուշում է, որ այս ընտրությունն ինտրիգային է լինելու, որովհետև մի կողմից՝ անաշխատ եկամտի սիրահար, իրենց սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը վստահաբար կունենա վերջապես այդ աթոռին դե ֆակտո բազմելու նպատակ, իսկ մյուս կողմից էլ՝ դժվար թե 10 տարի Վճռաբեկ դատարանի նախագահ աշխատող Երվանդ Խունդկարյանը համաձայներ այս կրկեսին մասնակցել միայն ընդամենը ՍԴ դատավոր դառնալու համար:
Եվ վերջում՝ ևս մեկ շախմատային կանոնի մասին. միայնակ ձին ի վիճակի չէ մատ հայտարարելու մրցակցի արքային, սակայն արքան, ձին և փիղը մերկ արքային մատ հայտարարել կարող են։
Շախմատը հանճարեղ խաղ է, իհարկե, բայց չմոռանանք, որ իմաստուն այդ խաղի վերջնարդյունքում հաջողում են ինտելեկտուալները: Այլապես միշտ էլ կա վտանգ ցայտնոտի մեջ հայտնվելու, երբ ժամանակդ չի հերիքում, և ցուգցվանգային իրավիճակ ունենալու, երբ կողմերից մեկն օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ հանգեցնում է մատի, կամ վատթարացնում է իրավիճակը։
Ի դեպ, քաղաքականության մեջ «ցուգցվանգ» տերմինն այսօր ավելի հաճախ է օգտագործվում, քան շախմատում: